Վրաստանի նախագահի բացասական վարկանիշը 70 տոկոս Է. IRI-ի հարցում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի քաղաքական գործիչների շրջանում ամենամեծ բացասական վարկանիշն ունի մեկ տարի առաջ այդ պաշտոնում ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին. 70 տոկոսը նրան բացասական գնահատական Է տալիս եւ միայն 23 տոկոսը՝ դրական:

Սրանք են այն հարցման արդյունքները, որը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անցկացրել Է IRI (International Republican Institute, Միջազգային հանրապետական ինստիտուտ) հեղինակավոր ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին: Հետազոտության մասնակիցներին ընթերցել են Վրաստանի քաղաքական գործիչների եւ հանրային անձանց անունները: Նրանք պետք Է նրանց նկատմամբ իրենց վերաբերմունքը հայտնեին «դրական», «բացասական», «նրա մասին չեմ լսել» կամ «դժվարանում եմ պատասխանել» պատասխաններով:

Ինչպես պարզվել Է, նախագահից հետո երկրորդ բավականին բարձր բացասական վարկանիշն արձանագրել Է «Գիրչի» ծայրահեղ լիբերալ կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն. հարցվածների 66 տոկոսը բացասական գնահատական Է տվել նրան, եւ միայն 14 տոկոսը՝ դրական: Բացասական վարկանիշի երրորդ դիրքում «Վրացական երազանք» կառավարող կուսակցության առաջնորդ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին Է. նրան 57 տոկոսն Է բացասական գնահատական տալիս, 32 տոկոսը՝ դրական: Բացասական վարկանիշի միանման ցուցանիշ ունեն ընդդիմության երեք քաղաքական գործիչներ. հարցվածների 59 տոկոսը բացասաբար Է գնահատում «Հայրենասերների դաշինքի» առաջնորդ Իրմա Ինաշվիլիին, «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեին եւ «Եվրոպական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի նախկին քաղաքագլուխ Գիգի Ուգուլավային: Ընդ որում Ուգուլավայի եւ Բուրջանաձեի դրական վարկանիշը կազմում Է 31 տոկոս, Ինաշվիլիինը՝ 29 տոկոս:

Բնակչության դրական վերաբերմունքի տեսակետից ամենաբարձր վարկանիշն ունի «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն՝ 57 տոկոս դրական արձագանք, 36 տոկոս՝ բացասական: Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեի նկատմամբ դրական արձագանքները՝ 49 տոկոս են, բացասականները՝ 42 տոկոս: Համանման ցուցանիշներ ունի խորհրդարանի նախկին խոսնակ եւ «Կառուցման շարժման» առաջնորդ Դավիթ Ուսուպաշվիլին՝ դրական՝ 47 տոկոս, բացասական՝ 41 տոկոս:

Բացասական վարկանիշը գերակշռող Է «Միավորված ընդդիմության» առաջնորդ Գրիգոլ Վաշաձեի վերաբերմամբ. 41 տոկոսը նրա նկատմամբ դրական վերաբերմունք ունի, 50 տոկոսը՝ բացասական: Հասարակական համակրանքի տեսակետից Էլ ավելի վատ են վերջերս երկրի վարչապետ նշանակված Գեորգի Գախարիայի գործերը. 39 տոկոսը նրան դրական գնահատական Է տալիս, 59 տոկոսը՝ բացասական: Հարցման արդյունքները հրապարակվել են նոյեմբերի 18-ին: Հետազոտությունը IRI-ի պատվերով եւ USAID-ի ֆինանսավորմամբ անցկացվել Է սեպտեմբերի 11-ից մինչեւ հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակաշրջանում: Աշխատանքներն իրականացրել Է Baltic Surveys/The Gallup Organization ընկերությունը: Երկրի տարածքում հարցմանը մասնակցել Է 1500 մարդ: Վիճակագրական անճշտությունը կազմում Է +/- 2,5 տոկոս:

Հայերեն Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան