Պաշտոնական

Նուրլան Նիգմատուլինը Արարատ Միրզոյանին պաշտոնական այցով հրավիրել է Ղազախստան

2 րոպեի ընթերցում

Նուրլան Նիգմատուլինը Արարատ Միրզոյանին պաշտոնական այցով հրավիրել է Ղազախստան

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է աշխատանքային այցով եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Հայաստանում գտնվող Ղազախստանի Հանրապետության Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Արարատ Միրզոյանը, ողջունելով հյուրին, արձանագրել է, որ Հայաստանն ու Ղազախստանը վերջին շրջանում հաջողությամբ զարգացնում են համագործակցությունը տարբեր ոլորտներում եւ ընդգծել է, որ երկկողմ հարաբերություններում Հայաստանը կարեւոր տեղ է հատկացնում միջխորհրդարանական համագործակցությանը: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը արժեւորում է համագործակցության զարգացումը միջազգային խորհրդարանական տարբեր կառույցներում: Նա նաեւ ընդգծել է, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովն իր գոյության ընթացքում արդյունավետ հարթակ է դարձել կոլեկտիվ անվտանգության ոլորտում համագործակցության պայմանագրաիրավական դաշտի զարգացման եւ կատարելագործման համար` վստահություն հայտնելով, որ երկու երկրները կշարունակեն ջանքեր գործադրել` խնդիրներին լուծումներ գտնելու ուղղությամբ:

Նուրլան Նիգմատուլինը բարձր է գնահատել Ղազախստանի հայ համայնքի դերը, որը մեծ ներդրում ունի իրենց երկրի տնտեսության, մշակույթի մեջ: Նա նշել է, որ սա իր առաջին այցն է Երեւան, տպավորված է ջերմ ընդունելությամբ եւ ցանկանում է շրջել Երեւանում, ծանոթանալ տեսարժան վայրերին: Ղազախստանի խորհրդարանի նախագահն ասել է, որ երկու երկրները պետք է ամրապնդեն համագործակցությունը միջազգային հարթակներում եւս եւ կարեւորել է ինչպես պաշտոնական ձեւաչափով համագործակցությունը, այնպես էլ` միջանձնային: Նուրլան Նիգմատուլինը վերահաստատել է նախկինում արած հրավերը եւ Արարատ Միրզոյանին պաշտոնական այցով հրավիրել Ղազախստան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում