Պաշտոնական

ԵՄ-ն սատարում է ԼՂ բանակցություններում ՄԽ համանախագահների ջանքերին. Տոյվո Կլաարը՝ ՀՀ վարչապետին

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն սատարում է ԼՂ բանակցություններում ՄԽ համանախագահների ջանքերին. Տոյվո Կլաարը՝ ՀՀ վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է՝ Հայաստանը կարևորում է Եվրոպական միության հետ հարաբերությունների շարունակական զարգացումը, և բարձրաստիճան մակարդակի պաշտոնական հանդիպումները վկայում են ՀՀ-ԵՄ արդյունավետ երկխոսության, համագործակցության դինամիկ ընթացքի մասին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Եվրամիությունը Հայաստանի կարևորագույն գործընկերն է մեր երկրում լայն թափ ստացած բարեփոխումների գործընթացում, և կառավարությունը հաստատակամ է տարբեր ոլորտներում առանցքային ռեֆորմները շարունակելու հարցում:

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ԵՄ-ն ևս կարևորում է Հայաստանի հետ գործընկերության սերտացումը և պատրաստակամ է շարունակել օժանդակել ՀՀ վարչապետին, կառավարությանը ժողովրդավարության ամրապնդմանը միտված բարեփոխումներում:

Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Վարչապետն ընդգծել է՝ Հայաստանը հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով և հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում բանակցային գործընթացին:

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունել է Հայաստանի՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված քայլերը և նշել, որ Եվրամիությունը սատարում է խաղաղ բանակցությունների ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում