Քաղաքականություն

Ադրբեջանը պարտավորություն ունի հայերի՝ ԼՂ վերադարձի հարցում. ԵՄ հատուկ ներկայացուցիչ

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանը պարտավորություն ունի հայերի՝ ԼՂ վերադարձի հարցում. ԵՄ հատուկ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական միությունը շատ հստակ է եղել այն հարցում, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կլինեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս, և որ Բաքվի և նրանց միջև ուղղակի բանակցություններ կլինեն նրանց՝ հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին JamNews-ին տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ խոսելով ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու հնարավորությունների մասին։

«Կրկին անգամ հույս ունեմ, որ թշնամության և բռնության էջը վերջապես կարող է փակվել մեկընդմիշտ՝ ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության, այդ թվում՝ Ղարաբաղի հայերի: 

ԵՄ-ն շատ հստակ է եղել այս հարցում, և դա նաև իմ ակնկալիքն է, որ ԼՂ-ի հայերը կլինեն հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս, և որ Բաքվի և նրանց միջև ուղղակի բանակցություններ կլինեն՝ հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ: Ադրբեջանն այս առումով պարտավորություն ունի, որից, ինչպես ինձ է թվում, չի հրաժարվում», - ընդգծել է ԵՄ պաշտոնյան՝ հավելելով, որ նման ապագայի պարամետրերն ու պայմանները պետք է գտնվեն և համաձայնեցվեն ներառական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության միջոցով: 

Կլաարի կարծիքով՝ կարգավորումը նշանակում է բաց վերքերի բացակայություն, և հետևաբար այս հարցը պետք է լինի ավելի լայն խաղաղության գործընթացի մաս:

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն, անդրադառնալով նաև Բաքվի կողմից այս համատեքստում բարձրացվող այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» տերմինին, նշել է․ 

«Երբեմն այս համատեքստում բարձրացվում են այլ հարցեր, ինչպիսին է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հարցը: Ինձ համար դրանք լիովին տարբեր հարցեր են, որոնք չեն կարող մեկ հարթության վրա դրվել:

Առաջինը ղարաբաղցի հայերի՝ իրենց նախնիների հայրենիք վերադարձին մղված աջակցությունն է, որն Ադրբեջանի պարտավորությունն է: Երկրորդը՝ Ադրբեջանի այլ մասերում, այդ թվում՝ Բաքվում ապրած հայերի կամ Հայաստանում ապրած ադրբեջանցիների հարցն է»: 

Տոյվո Կլաարի կարծիքով՝ վերոնշյալները ևս պետք է կարողանան այցելել այն վայրերը, որտեղ իրենք կամ իրենց ընտանիքներն ապրել են, կամ նույնիսկ վերադառնալ այնտեղ ապրելու, եթե ցանկանան, և սա նույնպես պետք է լինի կարգավորման հետևանք, բայց դա լիովին այլ հարց է, քան Լեռնային Ղարաբաղի հայերի խնդիրը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում