Սփյուռք

Մեկնարկել է Հայաստան-սփյուռք համահայկական 11-րդ կրթական խորհրդաժողովը

5 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Հայաստան-սփյուռք համահայկական 11-րդ կրթական խորհրդաժողովը

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի 15 երկրի շուրջ 100 պատվիրակներ Հայաստանում են Հայաստան-սփյուռք համահայկական 11-րդ կրթական խորհրդաժողովին մասնակցելու և արտերկրում հայկական կրթօջախներում առկա խնդիրները քննարկելու համար:

Համահայկական կրթական խորհրդաժողովը անցկացվում է երկու տարին մեկ անգամ, որին մասնակցում են Սփյուռքի համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող մարմինների, կազմակերպությունների, հաստատությունների ներկայացուցիչներ, հայագետներ, համայնքների ներկայացուցիչներ, կրթօջախների հոգաբարձուների խորհրդի անդամներ, տնօրեններ, ուսուցիչներ: 

Սփյուռքից ժամանած ներկայացուցիչների խորհրդաժողովն անցկացվելու է 2024 թվականի օգոստոսի 5-9-ն Աղվերանում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, կարևորելով նման հանդիպումների  իրագործումը Հայաստան-Սփյուռք կապն ամրապնդելու և զարգացնելու  առումով, ընդգծեց, որ երկամյա պարբերականությամբ Հայաստանում գումարվող խորհրդաժողովի նպատակն է քննարկել արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմնահարցերը, հստակեցնել կրթության ոլորտում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը և համագործակցության զարգացման հաջորդական քայլերը:

«Սա շատ լուրջ ու կարևոր հարթակ է սփյուռքի կրթական գործընթացի կազմակերպիչների  հետ երկխոսության մեջ մտնելու և նրանց միմյանց հետ կապելու տեսակետից: Այս համաժողովը  գործող մարտահրավերներին և ծագող խնդիրներին լուծում տալու, հասցեագրելու լավագույն եղանակն է: 

Այս տարվա կարևոր շեշտադրումներից մեկն այն է, որ մենք գտնվում ենք կրթական լայնածավալ բարեփոխումների փուլում, և խնդիր կա, որպեսզի սփյուռքի կրթական ծրագրերը հնարավորինս համադրելի լինեն  հանրակրթական պետական չափորոշչին: Երկրորդ՝ մենք միացել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Փոխակերպվող կրթություն 2030» օրակարգին և կարիք կա, որպեսզի սփյուռքում կրթությունը ևս լինի ժամանակի շնչին և Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումներին համահունչ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  նշեց փոխնախարարը:    

Մարտիրոսյանի խոսքով՝ այս  տարվա խորհրդաժողովի լիազումար նիստերում նախատեսված են զեկույցներ «Ակադեմիական քաղաք» նախաձեռնության, Հանրակրթության նոր չափորոշչի և դասագրքերի, ՀՀ պետական լեզվաքաղաքականության, սփյուռքի ուսուցիչների վերապատրաստումների ծրագրերի և այլ խնդիրների վերաբերյալ: 

Պատվիրակները կներկայացնեն իրենց համայնքներում կրթության կազմակերպման գործի ներկա վիճակը, ձեռքբերումները, մեթոդական նորարարությունները, հայագիտական կենտրոնների գործունեությունը: 

«Հայք» մեդիա հարթակի կրթական ծրագրերի համակարգող և ուսումնական ձեռնարկների հեղինակ Երազիկ Հարությունյանը, ով խորհրդաժողովին մասնակցելու համար ժամանել է Կրասնոդարից, նշեց, որ իրենք մեծ ոգևորվածությամբ են սպասում այս հանդիպումներին, քանի որ հնարավորություն են ունենում բարձրացնել առկա խնդիրները և միասնական  լուծումներ առաջարկել դրանց: 

«2008 թվականից սկսած՝ ես մասնակից եմ բոլոր խորհրդաժողովներին, և բազմաթիվ համատեղ ծրագրեր ենք իրականացրել Կրասնոդարում, որին մասնակցել են ԿԳՄՍՆ-ի ներկայացուցիչները: Այս ընթացքում իմ կողմից  նախաձեռնվել են ուսումնական չափորոշիչ ծրագրեր, որոնք ԿԶՆԱԿ-ի հարթակում տեղադրված են և ուղեցույց են համարվում Ռուսաստանի հայկական դպրոցներում: Կրասնոդարի երկրամասում հայերի շատ ստվար բնակչություն կա, սակայն հայկական կրթությունը ներկա է միայն լրացուցիչ դաշտում, շատ ցանկալի կլիներ, որպեսզի հայոց լեզուն հանրակրթություն մտներ, որովհետև Կրասնոդարում կան բնակավայրեր, որոնք գերազանցապես հայերով են բնակեցված: Նախկինում այդ բնակավայրերում դասացուցակներով հայոց լեզվի ժամեր կային, բայց գնալով դրանք քչացել են։ Ցանկալի է, որ այդ ժամերը վերականգնվեն»,- նշեց խորհրդաժողովի մասնակիցը:

Խմբերում քննարկվելու են սփյուռքի ամենօրյա և մեկօրյա դպրոցներում արևելահայերենի և արևմտահայերենի դասավանդման հիմնախնդիրները, կրթական կառույցների երկկողմանի համագործակցության հեռանկարները,  նախադպրոցականների և մեծահասակների կրթության կազմակերպման առանձնահատկությունները և կազմակերպման հիմնախնդիրները և այլն: 

Խորհրդաժողովն ամփոփվելու է Համահայկական խորհրդաժողովի բանաձևի ընդունմամբ, որը կազմվելու է քննարկումների արդյունքներով: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում