Քաղաքականություն

Երևանի և Բաքվի միջև վերջնական խաղաղության պայմանագրի կնքումը քաղաքական կամք է պահանջում․ Տոյվո Կլաար

5 րոպեի ընթերցում

Երևանի և Բաքվի միջև վերջնական խաղաղության պայմանագրի կնքումը քաղաքական կամք է պահանջում․ Տոյվո Կլաար

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Կովկասի և Վրաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության պայմանագրի կնքման համար անհրաժեշտ է քաղաքական կամքի առկայություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տոյվո Կլաարը նման տեսակետ է հայտնել JamNews-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Երևանի և Բաքվի միջև մոտ ապագայում խաղաղության պայմանագիր կնքելու հավանականությանը։

«Որքան ինձ հայտնի է, խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասն արդեն համաձայնեցված է: Ինձ թվում է, որ պակասում է միայն վերջնագիծն անցնելու համար անհրաժեշտ քաղաքական կամքը», - նշել է Կլաարը՝ հավելելով, որ Եվրոպական միությունը ոգևորվել է նախագծերի վերջին ինտենսիվ փոխանակումներով և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջև 2024 թվականի հուլիսի 10-ին Վաշինգտոնում կայացած վերջին եռակողմ հանդիպմամբ։

Ըստ նրա՝ ԵՄ-ն խորապես հավատում է, որ մնացած հարցերի և ձևակերպումների վերաբերյալ վերջնական համաձայնությունը հասանելի հեռավորության վրա է:

«Խաղաղության պայմանագիրը և դրա հետագա իրականացումը հիմնովին կփոխեն տարածաշրջանի իրավիճակը: Կարծում եմ, որ առաջնորդները նույնպես կիսում են այս տեսակետը և կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ ջանքերն այս հարցի շուրջ վերջնական համաձայնության հասնելու համար», - ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչը։ 

Այդուհանդերձ, Կլաարը կարծիք է հայտնել, որ այն փաստը, որ ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարները չհանդիպեցին Միացյալ Թագավորությունում վերջերս կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ, հիշեցում է նաև, թե դեռևս որքան փխրուն է այս գործընթացը։

«Դա չի նշանակում, որ կողմերից որևէ մեկը հանձնառություն չունի, բայց ակնհայտ ցույց է տալիս այն զգայունությունը, որը կա ոչ միայն բովանդակության, այլև հարաբերությունների կարգավորման քննարկումների գործընթացի առնչությամբ», - ընդգծել է Տոյվո Կլաարը: 

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ կլինի այն դեպքում, եթե վերջնական խաղաղության պայմանագիր կնքվի կողմերի միջև՝ Կլաարը նշել է, որ դա մեծ ձեռքբերում կլինի, բայց, իհարկե, համաձայնագրերը պետք է իրականացվեն, և ուստի խաղաղության պայմանագիրը կլինի միայն հարաբերությունների կարգավորման ճանապարհին կանգառ: Ի վերջո, խաղաղությունը վերաբերում է մարդկանց, և հարաբերությունների կարգավորումը պետք է նշանակի կարգավորում հասարակությունների մակարդակում:

«Խաղաղության գործընթացի մեծ մասը «վերևից ներքև» է եղել, և, ի վերջո, անհրաժեշտ է իրական բացում, այդ թվում՝ անդրսահմանային առևտրի և տարածաշրջանի կոմունիկացիաների՝ խաղաղությունն ու կայունությունը երկու կողմերի բնակչության համար նորմալ, ընկալելի երևույթ դարձնելով», - հարցազրույցի ընթացքում ասել է ԵՄ պաշտոնյան՝ հավելելով, որ որպեսզի սա հնարավոր լինի, խաղաղաշինական ջանքերը պետք է ներառեն վստահության ամրապնդում և հաշտեցում մարդկանց միջև՝ նրանց հնարավորություն տալով հաշտվել միմյանց հետ:

Կլաարի դիտարկմամբ՝ ինքն իր աշխատանքում միշտ մեծ ուշադրություն է դարձրել վստահության ամրապնդմանը, երկխոսությանը և հաշտեցման ջանքերին՝ պաշտոնական բանակցային գործընթացների շուրջ, և ԵՄ-ն արդեն շատ տարիներ աջակցում է նման գործունեությանը՝ խթանելով իրական խաղաղության համար բարենպաստ միջավայր։ 

«Միջազգային հանրությունը պետք է շարունակի ներգրավված մնալ թե՛ քաղաքական, թե՛ ֆինանսական առումով՝ նաև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո: Սակայն պատասխանատվությունը, ինչպես և այժմ, կմնա Երևանի և Բաքվի ղեկավարության վրա՝ չկանգնել կես ճանապարհին, այլ շարունակել մինչև վերջ՝ դեպի հարաբերությունների լիարժեք կարգավորում, ոչ միայն կառավարությունների, այլև ժողովուրդների միջև», - շեշտել է Տոյվո Կլաարը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում