Ինովացիա

Շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված Երևանում ՏՏ համաժողովին

2 րոպեի ընթերցում

Շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված Երևանում ՏՏ համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակներում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 7-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Երևանում» թեմային: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվուն Չուն, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը, «Հայփոստ» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը:

Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի լոգոտիպը, իսկ գեղաթերթիկի վրա ներկայացված է Արարատ լեռը և մի հատված հայկական բնապատկերից: Գեղաթերթիկի վրա նաև տեղադրված է «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Գեղաթերթիկը տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 12 000 տպաքանակով: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում