Պաշտոնական

Մխիթար Հայրապետյանն անթույլատրելի Է համարում Մխիթարյան միաբանության թուլացումը

2 րոպեի ընթերցում

Մխիթար Հայրապետյանն անթույլատրելի Է համարում Մխիթարյան միաբանության թուլացումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը եւ ԱԺ նախագահի խորհրդական Դավիթ Կարապետյանը սեպտեմբերի 27-ին ընդունել են Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Գերապայծառ Տեր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանին եւ Հայր Եղիա վարդապետ Քիլաղբջյանին: Այս մասին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի գրասենյակից։

«Դեռ ընթացիկ տարվա հուլիսին, երբ ծագել է Մխիթարյան միաբանության կրթական օրրաններից մեկի` Սեւրի Սամուել Մուրադյան վարժարանի խնդիրը, Մխիթար Հայրապետյանը Վենետիկում հանդիպել է Հայր Լեւոնի Զեքիյանի հետ` քննարկելով ոչ միայն Մուրադյան վարժարանի, այլեւ, առհասարակ, միաբանության առջեւ ծառացած մարտահրավերները: Միաժամանակ Հայաստանի իշխանությունների անունից հանձնաժողովի նախագահը հայտնել էր պատրաստակամություն` ստեղծված իրավիճակից համատեղ ելքեր փնտրելու համար:

Այսօր կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են Մխիթարյաններին աջակցելու գործնական քայլերն ու համապարփակ, փաթեթային լուծումների տարբերակները: Մխիթար Հայրապետյանը եւս մեկ անգամ շեշտել է պետության դիրոքորոշումն այս հարցում. «Մեզ համար անթույլատրելի է Մխիթարյան միաբանության թուլացումն ու պետք է ամեն կերպ սատարենք իրենց` ոտքի կանգնելու եւ հզորանալու»:

Հանդիպման ավարտին հանձնաժողովի նախագահը նշել է, որ այսօրինակ քննարկումները կրելու են շարունակական բնույթ»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում