Պաշտոնական

Արարատ Միրզոյանն ընդունել է Ավստրալիայի խորհրդարանականներին

3 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանն ընդունել է Ավստրալիայի խորհրդարանականներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Ավստրալիայի Դաշնային եւ Նահանգային խորհրդարանների պատգամավորներ Ջոն Ալեքսանդրին, Հյու ՄքԴերմոթին եւ Թրենթ Զինեմանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, պատվիրակության այցը կազմակերպվել է Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի կողմից: Սա Ավստրալիայի Դաշնային խորհրդարանի պատգամավորների առաջին այցն է Հայաստան: Ավստրալացի պատգամավորներին ուղեկցել են Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը, Ավստրալիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Ավստրալիա բարեկամական խմբի ղեկավար Արման Բոշյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովհաննես Իգիթյանը, Լուսինե Բադալյանը, Արսեն Միխայլովը:

Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ մեծ ակնկալիք ունի, որ Հայաստանի եւ Ավստրալիայի խորհրդարանների միջեւ համագործակցությունը հնարավոր կլինի շեշտակիորեն ավելացնել: ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանում ուշադրությամբ են հետեւում Ավստրալիայի խորհրդարանում ծավալվող գործունեությանը՝ ուղղված Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը, ինչպես նաեւ Արցախի հարցի արդարացի լուծմանը: «Մենք շատ բարձր ենք գնահատում այդ ուղղությամբ ձեր ջանքերը եւ երախտագիտություն ենք հայտնում»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանի նոր իշխանությունները հավատարիմ են խաղաղ բանակցությունների գործընթացին եւ բոլոր միջազգային գործընկերներից ակնկալում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափին սատարող դիրքորոշում:

Արարատ Միրզոյանը հյուրերին ուրախությամբ տեղեկացրել է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են Ավստրալիայում բացել դեսպանատուն: «Կարծում եմ, որ երբ այս ծրագիրն իրականանա, սա մեծ, կարեւոր պայման կլինի հարաբերությունների առավել զարգացման համար»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Հյուրերը կիսվել են Արցախ կատարած այցից տպավորություններով, մանրամասներ հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կատարվող աշխատանքներից եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու Արցախին:

Հայաստան-Ավստրալիա բարեկամական խմբի ղեկավար Արման Բոշյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ մեր հայրենիք եւ դրա փոքրիկ մաս՝ Արցախ կատարած այցի համար, ինչպես նաեւ հայկական կազմակերպությանը՝ այցը կազմակերպելու եւ հյուրերին ուղեկցելու համար: Արման Բոշյանը շնորհավորել է Ջոն Ալեքսանդրին՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի շնորհած «Վաչագան Բարեպաշտ» եւ Հյու ՄքԴերմոթին՝ «Երախտագիտության» պետական պարգեւների համար: Արման Բոշյանը նշել է, որ պատրաստվում են նոր հարթություն տեղափոխել միջխորհրդարանական համագործակցությունը ու համոզված է, որ այն ակտիվ է լինելու եւ ծառայելու է երկու երկրների շահերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում