Շրջանակային համաձայնագրի ստորագրումը կնպաստի Հայաստան-Կալիֆոռնիա կապերի զարգացմանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վարչապետը գտնվում է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության և Կալիֆոռնիա նահանգի միջև ստորագրվել է Շրջանակային համաձայնագիր համագործակցության վերաբերյալ։ Համաձայնագիրն ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսմը։ Համաձայնագրով Հայաստանը և Կալիֆոռնիան կզարգացնեն համապարփակ համագործակցությունը բոլոր ուղղություններով։

Համաձայնագրի ստորագրումից հետո տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կալիֆոռնիայի նահանգապետի հանդիպումը։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Շրջանակային համաձայնագրի ստորագրումը կնպաստի փոխգործակցության խորացմանը և Հայաստան-Կալիֆոռնիա կապերի զարգացմանը։

Վարչապետը նշել է, որ Կալիֆոռնիան Ամերիկայի հայության կենտրոններից է, ինչպես նաև ԱՄՆ ամենանորարարական տնտեսությունն ու տեխնոլոգիական ձեռքբերումներ ունեցող նահանգը, և Հայաստանը հետաքրքրված է էլ ավելի ամրապնդելու կապերը ԱՄՆ ամենահայաշատ նահանգներից մեկի հետ։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է թավշյա հեղափոխությանը և Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին, որոնք հիմք դրեցին տարբեր ոլորտներում բարեփոխումներին և արմատական փոփոխություններին։ Ներկայում Հայաստանն ընթանում է տնտեսական հեղափոխության ճանապարհով. արձանագրվում է տնտեսության կայուն դինամիկ աճ, կառավարության կողմից իրականացվում են գործնական քայլեր կոռուպցիայի դեմ պայքարի, մենաշնորհների վերացման և բարենպաստ բիզնես միջավայրի ձևավորման ուղղությամբ։

Կալիֆոռնիայի նահանգապետը ողջունել է Հայաստանի վարչապետի այցը ԱՄՆ՝ նշելով, որ Կալիֆոռնիայի հայությունը մեծ դերակատարություն ունի նահանգի զարգացման, հայ-ամերիկյան կապերի ամրապնդման գործում։ Նրա խոսքով՝ Կալիֆոռնիան ևս կարևորում է Հայաստանի հետ փոխգործակցության զարգացումը և համատեղ ծրագրերի իրականացումը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Կալիֆոռնիա առևտրատնտեսական գործակցության խորացմանը, գործարար շրջանակների միջև շփումների աշխուժացմանը և կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ակտիվացնել երկկողմ քննարկումները գործնական քայլեր ձեռնարկելու շուրջ։ Նիկոլ Փաշինյանը և Գեվին Նյուսմը խոսել են նաև անտառային հրդեհների մարման ոլորտում համագործակցության մասին, պայմանավորվել ավելի առարկայական դարձնել փորձի փոխանակման և կադրերի պատրաստման ուղղությամբ քննարկումները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կալիֆոռնիայի նահանգապետին հրավիրել է այցելել Հայաստան։ Գեվին Նյուսմը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և խոստացել դիտարկել հարմար ժամկետներում մեր երկիր այցելելու հնարավորությունը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանի վարչապետը նաև ներկա է գտնվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի անունից տրված ընդունելությանը և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկման բացմանը։

Հայերեն Français Русский

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը