Հասարակական

Հայաստանում այս տարի բացվել է 18 նոր նախակրթարան

2 րոպեի ընթերցում

Հայաստանում այս տարի բացվել է 18 նոր նախակրթարան

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության 8 մարզերի տարբեր համայնքներում այս տարի սեպտեմբերի 1-ին բացվել է 18 նոր նախակրթարան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Նախադպրոցական կրթությունը երեխաների զարգացման գործընթացում առաջնային օղակ է, քանի որ կարևոր է, թե երեխան ինչ միջավայրում է մեծանում: Հետազոտությունները ցույց են տվել, որ նախադպրոցական կրթություն ստացած երեխաները հետագայում ավելի հեշտությամբ են ադապտացվում կրթական միջավայրին և ավելի պատրաստ են ընկալել այն գիտելիքները, որոնք արդեն դպրոցական կրթության փուլում մատուցվում են իրենց:

Հարկ է նշել, որ նախադպրոցական կրթության փուլում շատ կարևոր նշանակություն ունի ուսումնական ծրագիրը․ այն պետք է լավագույնս ադապտացված լինի տվյալ տարիքային խմբին պատկանող երեխաների ունակություններին»,- գրել է նախարարը:

Հարությունյանի խոսքով` այս ուսումնական տարվա մեկնարկին նոր նախակրթարաններ են հիմնվել Գեղարքունիքի մարզի հինգ, Շիրակի՝ չորս, Կոտայքի, Սյունիքի և Արմավիրի՝ երկուական, Տավուշի, Լոռու և Վայոց Ձորի մարզերի մեկական դպրոցներում:

«Նախատեսվում է մինչև 2024թ. 3-6 տարեկան երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում հասցնել 70%-ի` այժմյան 40%-ի փոխարեն»,- եզրափակել է նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում