Հայաստանը բարձր է գնահատում ԱՄՀ-ի հետ ձևավորված համագործակցության մակարդակը
2 րոպեի ընթերցում

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ ձևավորված համագործակցության մակարդակը և կարևորել Հիմնադրամի կողմից իրականացվող վերլուծություններն ու աջակցությունը: Փոխվարչապետը ընդգծել է, որ ԱՄՀ-ի հետ համագործակցության ծրագրում ներառված են բոլոր արդիական խնդիրները և հավաստիացրել, որ «Տնտեսական և ֆինանսական քաղաքականությունների» հուշագիրը գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում, իսկ ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացվում են ժամանակացույցին համաձայն:
ԱՄՀ տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հայտնել ԱՄՀ պատրաստակամությունը աջակցելու Հայաստանին բարեփոխումների իրականացման գործընթացում՝ հաշվի առնելով ԱՄՀ կուտակած փորձն ու գիտելիքները:
Մհեր Գրիգորյանն ու Ջիհադ Ազուրը քննարկել են բարեփոխումների երեք կարևոր ուղղությունները՝ հարկային վարչարարության բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը և պետություն-մասնավոր գործընկերության զարգացումը՝ անդրադառնալով յուրաքանչյուր ուղղության հիմնական նպատակներին և իրականացման միջոցներին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկարաժամկետ ռազմավարությունների մշակման և տարածաշրջանային ծրագրերի իրականացման կարևորության շուրջ: