Հասարակական

Երևանում բանկոմատը վնասելու եղանակով հափշտակվել է շուրջ 18մլն դրամ

3 րոպեի ընթերցում

Երևանում բանկոմատը վնասելու եղանակով հափշտակվել է շուրջ 18մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից շուրջ 18մլն դրամ գողանալու դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 04:00-ից մինչև 05:00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, այն է՝ պայթեցնելու եղանակով, բացել են «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերությանը պատկանող, Երևան քաղաքում գտնվող բանկոմատներից մեկի դուռը և այնտեղից գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերով կանխիկ գումար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժնից, պատճառված վնասը, նախնական տվյալներով, կազմում է 17.974.000 ՀՀ դրամ:

Նկատի ունենալով, որ նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ: Դեպքի վայրի զննությամբ վերցվել են բանկոմատի վնասված հատվածները, բանկոմատում առկա գումարը, ինչպես նաև` բանկոմատի տեսաձայնագրող սարքը: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատապայթյունատեխնիկական, դատաապրանքագիտական և դատահետաքաբանական փորձաքննություններ:

Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում