Հասարակական

ԵԽ փորձագիտական խումբը կաջակցի Հայաստանի ազգային երիտասարդական ռազմավարության վերանայմանը

4 րոպեի ընթերցում

ԵԽ փորձագիտական խումբը կաջակցի Հայաստանի ազգային երիտասարդական ռազմավարության վերանայմանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի երիտասարդական քաղաքականության խորհրդատվական առաքելության փորձագիտական խումբն այցելել է Հայաստանում: Այն կաջակցի ՀՀ իշխանություններին՝ ի դեմս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, երիտասարդական պետական քաղաքականության իրավական դաշտի կատարելագործման հարցում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Առաքելությունը մասնավորապես կներկայացնի առաջարկություններ: Դրանք կվերաբերեն երիտասարդության հարցերի ոլորտում Եվրոպայի խորհրդի նորմերի և ստանդարտների հիման վրա Հայաստանի ազգային երիտասարդական ռազմավարության վերանայմանը:

Այդ նպատակով հուլիսի 16-ին տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Եվրոպայի խորհրդի փորձագիտական թիմի և ազգային երիտասարդական քաղաքականության մեջ ներգրավված շահագրգիռ կողմերի հետ: Մասնակցել են ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, երիտասարդական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպմանը հրավիրվել էին նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի, ՄԱԿ-ի կառույցների հայաստանյան գրասենյակների ներկայացուցիչներ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, շնորհակալություն հայտնելով ԵԽ փորձագիտական խմբին՝ ՀՀ իշխանություններին աջակցելու համար, նշել է, որ հանդիպումը միտված է ոլորտում առկա խնդիրների քննարկմանը և դրանց լուծման ուղիների մշակմանը: «Բոլորովին վերջերս ստանձնելով ոլորտի կառավարումը՝ միանգամից բացահայտեցի, թե որքան անելիքներ ունենք երիտասարդական քաղաքականության կատարելագործման առումով՝ հատկապես իրավական դաշտում: Երիտասարդների ներգրավվածությունն ակտիվ հասարակական-քաղաքական կյանքին մեր գերնպատակն է, և մեր ցանկությունն է ունենալ կրթված ու բանիմաց երիտասարդություն: Որպես նոր Հայաստանի ամենաերիտասարդ պետական պաշտոնյա՝ ինձ համար կրկնակի պատասխանատվություն է ստանձնել ոլորտի կառավարումը: Երիտասարդներն իրենց կարողությունները ցույց են տվել միշտ ու բոլոր հնարավոր մակարդակներում. այդ կարողությունների լավագույն ցուցադրումը եղավ նաև թավշա հեղափոխության ժամանակ երիտասարդական խմբերի ակտիվ ներգրավումը երկրում տիրող գործընթացներում»,-նշել է փոխնախարարը՝ հույս հայտնելով, որ շատ արագ հնարավոր կլինի կանոնակարգել ոլորտը, և ժամանակի հրամայական է՝ ունենալ երիտասարդության մասին առանձին օրենք և ռազմավարություն:

ԵԽ փորձագիտական խմբի կազմում ընդգրկված են Երիտասարդության հարցերի եվրոպական ղեկավար կոմիտեի, Երիտասարդության խորհրդատվական բյուրոյի, Երիտասարդական ֆորումի, ԵԽ քարտուղարության մեկական ներկայացուցիչ և եվրոպական երիտասարդական քաղաքականության պրոֆեսոր-գլխավոր զեկուցող:

Հուլիսի 17-ին նախատեսվում է այց Գյումրի, հանդիպում-քննարկումներ ՀՀ Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի, Գյումրիում գործող երիտասարդական կազմակերպությունների հետ:

Հուլիսի 18-ին փորձագիտական խումբն այցի արդյունքները կամփոփի նախարարությունում նախատեսված հանդիպում-քննարկմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում