Հասարակական

Հայաստանն ու Բելառուսը բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործընկերային կապերի ներուժ ունեն. ՀՀ նախագահ

3 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Բելառուսը բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործընկերային կապերի ներուժ ունեն. ՀՀ նախագահ

ՄԻՆՍԿ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսն ունի շատ բարձր կրթական համակարգ և Հայաստանի նման ներուժ՝ բարձր տեխնոլոգիական ոլորտը զարգացնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Մինսկից, այս մասին հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Մինսկում Բարձր տեխնոլոգիաների պարկ այցելությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին:

«Արդեն երկրորդ անգամ եմ այցելում այս «Տեխնոպարկ»-ը, որը հնարավորություն է տալիս ապահովել նոր տեխնոլոգիաների զարգացումը Բելառուսում: Իհարկե, դա մեկ օրում չի եղել, օրենքներն ընդունելուց, գործընթացը սկսելուց հետո տարիներ են պետք, որ ներդրողները վստահ լինեն կայունության հարցում: Այսինքն՝ վստահ լինեն, որ այն ինչ հայտարարվում է, հաջորդ տարի կամ երկու տարի հետո չի փոխվելու: Պետք է ասեմ, որ կայունությունը հիմնական գործոններից մեկն է»,-նկատեց ՀՀ նախագահը:

Երկրորդ գործոնն, ըստ նրա, առաջարկվող պայմաններն են՝ ներդրողներ ներգրավելու համար: «Դրանք պետք է գրավիչ լինեն, որովհետև աշխարհը և հսկայական շուկա է և լաբորատորիա, ցանկացած երկրում այսօր կարող ես գրանցվել ու սկսել քո գործունեությունը մանավանդ այս ոլորտում»,-նկատեց Արմեն Սարգսյանը:

Երրորդն, իհարկե, կրթական համակարգն է: Բելառուսն ունի շատ բարձր կրթական համակարգ և Հայաստանի նման ներուժ՝ այդ համակարգը զարգացնելու համար: «Իրենք, կարծում եմ, որ մեծ հաջողությունների են հասել: Մոտ 50 հազար մասնագետ աշխատում է այս ոլորտում՝ սկսած փոքր ընկերություններից, մինչև մեծերը, որոնք համաշխարհային անուն ունեն: Հետևաբար, Բելառուսի փորձը ինձ համար հետաքրքիր է: Կարծում եմ՝ Հայաստանն ու Բելառուսը բնական գործընկերներ են այս ոլորտում աշխատելու համար: Ես հույս ունեմ, որ վաղը Բելառուսի նախագահի հետ կշարունակենք մեր երկխոսությունը, թե ինչպես կարող են երկու երկրները համագործակցությունը խորացնել: «Տեխնոպարկ»-ի գործընկերներին հրավիրեցի Հայաստան, որպեսզի մեր երկրում ներկայացնեն իրենց գործունեությունը, և իրենց փորձառությունը»,-ասաց նախագահ Սարգսյանը:

Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Բարձր տեխնոլոգիաների պարկ։ Բարձր տեխնոլոգիաների պարկի տնօրեն Վսևոլոդ Յանչևսկին նախագահին ծանոթացրել է ռեզիդենտ ընկերությունների նախագծերին և արտադրանքին։ Նախագահին են ներկայացվել տարբեր բնագավառների՝ բժշկություն, էկոլոգիա, գյուղատնտեսություն, ժամանց և այլն, բարձր տեխնոլոգիական լուծումներն ու մշակումները։ Դրանց մեծ մասն արդեն բավականին արդյունավետ կիրառվում են տնտեսության տարբեր ճյուղերում։

Վարվառա Հայրապետյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում