Քաղաքականություն

Ժողովրդավարական արժեքները պետք է լինեն խաղաղ և ապահով պետության հիմքում. Հայաստանի պատգամավորի ելույթը ԵԽԽՎ-ում

3 րոպեի ընթերցում

 Ժողովրդավարական արժեքները պետք է լինեն խաղաղ և ապահով պետության հիմքում. Հայաստանի պատգամավորի ելույթը ԵԽԽՎ-ում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հեղափոխությունից հետո անժխտելի փաստ է, որ բոլոր տեսակի ընտրությունները համարվում են ազատ և արդար թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարանական ուժերի կողմից:Այս մասին Ստրասբուրգում իր ելույթում նշել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչ Տաթև Հայրապետյանը:

«Հայաստանի համար անվտանգությունն ու ժողովրդավարությունը փոխկապակցված արժեքներ են: Ես ցանկանում եմ խոսել Հայաստանում ժողովրդավարական զարգացումների շարունակականության մասին, մասնավորապես՝ պետք է շեշտեմ ընտրական գործընթացների դերն ու նշանակությունը մերօրյա Հայաստանի քաղաքական կյանքում: Արդեն փաստ է, որ 2018 թ. խորհրդարանական ընտրությունները կազմակերպվել են ամենաբարձր մակարդակով և որակվել են որպես ազատ և արդար նաև Եվրոպայի Խորհրդի կողմից: Նշեմ, որ այդ ընտրություններից հետո կայացել են մի քանի ՏԻՄ ընտրություններ, և որոշ տեղերում հաղթանակ են տարել ընդդիմության ներկայացուցիչները: Դուք կարող եք հարցնել՝ ինչո՞ւ եմ ես խոսում այդ փաստի մասին: Ի պատասխան կասեմ՝ որովհետև ավելի քան վերջին քսան տարվա ընթացքում Հայաստանում բոլոր ընտրությունները հարցականի տակ են դրվել և վիճարկվել ընդդիմության ներկայացուցիչների կողմից: Եվ այսուհետ՝ հեղափոխությունից հետո անժխտելի փաստ է, որ բոլոր տեսակի ընտրությունները համարվում են ազատ և արդար թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարանական ուժերի կողմից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Տաթև Հայրապետյանը:

Ոչ միայն որպես իշխող դաշինքի պատգամավոր, այլ նաև որպես ՀՀ քաղաքացի Տաթև Հայրապետյանն ուրախությամբ շեշտել է, որ 2018 թ. «Թավշյա հեղափոխությունից» հետո առաջին անգամ Հայաստանի վերջին շրջանի պատմության մեջ իշխող ուժն ու կառավարությունը ազատ և արդար ընտրությունների անցկացման երաշխավորն են, անգամ եթե կա վտանգ չհաղթել այդ ընտրություններում:

«ՀՀ քաղաքացիներն այսուհետ իրական իշխանություն են, և ընտրություններն աշխատող գործիք են քաղաքական դաշտի հանդեպ վերաբերմունք արտահայտելու համար: Ինչպես արդեն նշեցի, Հայաստանի համար անվտանգությունն ու ժողովրդավարությունը փոխկապակցված են: Մենք հավատում ենք, որ ժողովրդավարական արժեքները պետք է լինեն խաղաղ և ապահով պետության հիմքում, որտեղ բռնությունը մերժված է քաղաքացիների կողմից, իսկ ընտրությունը գլխավոր գործիքն է արտահայտելու գոհունակություն կամ դժգոհություն քաղաքական որոշումների նկատմամբ»,- ասել է Տաթև Հայրապետյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում