ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի օրվա առթիվ մայիսի 21-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը հանդես եկան համերգային ծրագրով: Նվագախումբը հնչեցրեց Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` որպես մենակատարներ հանդես եկան սոպրանո Սոֆյա Սայադյանը, մեցցո-սոպրանո Սոլջերդ Իսալավը, տենոր Իվալյո Միխայլովը, բաս Սերգեյ Կովնիրը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր ողջույնի խոսքը սկսեց` հայերենով և անգլերենով ասմունքելով Բաղդասար Դպիրի «Տաղ ուրախության» բանաստեղծությունը:
«Երբեմն Եվրոպայի օրը ցույց է տալիս մեր ափսոսանքը այն դառը անցյալի համար, որն ունեցել ենք, բայց նաև ընդգծում է մեր ընդհանուր նկրտումները խաղաղության, համերաշխության և ընդհանուր ինքնության ու պատվի վերաբերյալ: Այս օրը եվրոպացիներիս համար շատ կարևոր է: Այն հիշեցնում է, որ անհրաժեշտ է պաշտպանել Եվրոպական միությունը, այն դարձնել ավելի ամուր»,-նշեց դեսպանը:
Նա շեշտեց, որ Եվրոպական միությունը լավագույնն է, ինչ Եվրոպան ստեղծել է իր ամբողջ պատմության ընթացքում:
Անդրադառնալով համերգային ծրագրին և սիմֆոնիկ նվագախմբին` Սվիտալսկին խոստովանեց, որ ամենավառ հիշողությունը, որ տանելու է Հայաստանից «Երուսաղեմի յոթ հրաշալիքները» ստեղծագործության սիմֆոնիկ նվագախմբի կատարումն է:
«Ինչ վերաբերում է Իններորդ սիմֆոնիային, ապա շեշտեմ, որ այն ավելին է, քան Եվրոպական միության հիմնի լիարժեք տարբերակը: Դա հաճույքի 74 րոպե է: Իններորդ սիմֆոնիան ունի համաշխարհային նշանակություն. այն պահում է Եվրոպային միասնական, միավորում է քաղաքական դաշտի աջ ու ձախ կողմերը»,-ասաց դեսպանը:
Համերգին ներկա էր 200 երեխա Տավուշի, Շիրակի և Լոռու մարզերից:
Եվրոպական միության ստեղծման ուղղությամբ առաջին քայլը կատարվել է 1950 թվականի մայիսի 9-ին: Այդ օրը Փարիզում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Շումանը միջազգային մամուլին դիմեց հռչակագրով, որով կոչ էր անում Ֆրանսիային, Գերմանիային և եվրոպական այլ երկրներին միավորել իրենց ածխի ու պողպատի արտադրությունը` որպես «եվրոպական դաշնության առաջին կոնկրետ հիմք»: Նա առաջարկում էր ստեղծել վերազգային եվրոպական կառույց, որը կտնօրիներ այն ժամանակ ռազմական ուժի հիմքը հանդիսացող ածխի ու պողպատի արտադրությունը:
1985 թվականին Միլանում կայացած ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում որոշում ընդունվեց մայիսի 9-ը նշել որպես Եվրոպայի օր: Յուրաքանչյուր երկիր, որը ժողովրդավարական կարգով որոշում է անդամակցել Եվրոպական միությանը, հաստատում է խաղաղության և համերաշխության հիմնարար արժեքներին իր հավատարմությունը: