Մշակույթ

Բուենոս Այրեսի գրքի միջազգային փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի օրվան նվիրված միջոցառում

2 րոպեի ընթերցում

Բուենոս Այրեսի գրքի միջազգային փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի օրվան նվիրված միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուենոս Այրեսում ապրիլի 25-ից մայիսի 13-ը ընթացող գրքի 45-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, որտեղ 40-ից ավելի երկրների թվում առանձին տաղավարով ներկայացված է նաև Հայաստանը, մայիսի 1-ին նշվել է ավանդաբար դարձած Հայաստանի Հանրապետության օրը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հատկանշական է, որ Հայաստանն արդեն 37 տարի մշտապես ներկայացված է այս ցուցահանդեսում։

Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և Արգենտինայի «Հայ կենտրոնի» օժանդակությամբ ցուցահանդեսի «Խորխե Լուիս Բորխես» սրահում կայացել է օրվա կենտրոնական բազմամարդ միջոցառումը, որին ներկա է գտնվել Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը:

Միջոցառման բացման խոսքով հանդես է եկել Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը, ով հանդիսատեսին ներկայացրել է Հայոց այբուբենի և գրերի` համայն աշխարհի կողմից ճանաչված կրոնական և գիտական նշանակությունը, ինչպես նաև համամարդկային մշակութային ժառանգությունը: ՀՀ դեսպանը նաև կարևորել է հայոց գրավոր խոսքի առանցքային դերը հայ ինքնության կայացման և պահպանման գործում՝ որպես անցյալի, ներկայի և ապագայի միջև հաստատուն կամուրջ: Ելույթով հանդես է եկել նաև Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:

Միջոցառման ավարտին հետևել է մշակութային ծրագիր` արգենտինահայ «Մասիս», «Նարեկ» և «Գայանե» պարախմբերի կատարմամբ, որոնց ելույթներն արժանացել են հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում