Հասարակական

Նոր համակարգ, նոր արժեքներ. Հայաստանում մեկնարկեց E-CULT մշակութային համակարգը

2 րոպեի ընթերցում

Նոր համակարգ, նոր արժեքներ. Հայաստանում մեկնարկեց E-CULT  մշակութային համակարգը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում տրվեց E-CULT նոր աբոնեմենտային համակարգի մեկնարկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ E-CULT դպրոցական աբոնեմենտային համակարգը ստեղծվել է ՀՀ կրթության և գիտության և Մշակույթի նախարարությունների համատեղ ջանքերով: Այն հասանելի է Dasaran կրթական հարթակում:

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը կարևորեց այս ձեռնարկը, որից հնարավորություն ունի օգտվել շուրջ 370 հազար աշակերտ:

«Մեկ տարվա ընթացքում, պետության հովանավորությամբ աշակերտները հնարավորություն ունեն այցելել Ազգային պատկերասրահ, թանգարաններ, թատրոն կամ համերգասրահ»,- նշեց նախարարը և հավելեց, որ այս նախագիծը կստեղծի նոր կրթական համակարգ ու նոր արժեք դպրոցում:

Նրա խոսքով՝ dasaran.am կայքի և E-CULT էջի միջոցով մեկնարկում ենք թատրոնների և համերգասրահների փուլը: Այսպիսով` աշակերտները հնարավորություն կունենան իրենց ծնողների միջոցով՝ ուսուցիչների հետ միասին, այցելել մշակութային հաստատություններ ու ներկա գտնվել իրենց համար ցանկալի միջոցառմանը:

Dasaran կրթական հարթակի հիմնադիր Սուրեն Ալոյանը ներկայացրեց համակարգը և նշեց, որ այն հնարավորություն կընձեռի Հայաստանում սովորող բոլոր աշակերտներին և ուսուցիչներին ստանալ մշակութային հաստատություններ այցելելու 3 անվճար տոմս յուրաքանչյուր ուսումնական տարվա համար:

Համակարգի միջոցով հնարավոր կլինի տեսնել մշակութային հաստատությունների մասին ամբողջական տեղեկություն, ինչպես նաև ընտրել ներկայացման կամ միջոցառման օրն ու դահլիճում առկա տեղերը: E-CULT-ի միջոցով հնարավոր է նաև հրավիրել ընկերների ու համատեղ այց կազմակերպել:

2018 թվականին ծրագրին մասնակցել է ավելի քան 60 հազար աշակերտ և այցելել թանգարաններ ու պատկերասրահ:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում