Տնտեսություն

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը խոստանում է պահպանել ռազմավարությունն ու ներդնել նոր գաղափարներ

3 րոպեի ընթերցում

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը խոստանում է պահպանել ռազմավարությունն ու ներդնել նոր գաղափարներ

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գործող առաջատար բիզնես ասոցիացիաներից մեկը`Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)`անցկացրեց 19-րդ տարեկան համաժողովը:

ԱՏՁՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ միությունը շարունակելու է իր առաքելությունը`Հայաստանը դարձնելով տեխնոլոգիական ոլորտի առաջատարներից մեկը և պահպանելու է նախկինում որդեգրած ռազմավարությունն ու ներդնելու է նոր գաղափարներ:

«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը 2000 թվականից սկսած շարունակում է իրականացնել նորարարական և կրթական լայնամասշտաբ նախագծեր և այս համաժողովին մենք ներկայանում ենք 89 անդամով: Մեր միությունը արդյունք է ընտանեկան ավանդույթների, այլ ոչ թե դրսից եկած ընկերությունների, ուստի մենք ակնկալում ենք իշխանությունների աջակցությունը մեր միության նկատմամբ, այլ ոչ թե օտարերկրյա կազմակերպությունների»-ասաց Կարեն Վարդանյանը:

Համաժողովի ընթացքում ելույթով հանդես եկավ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, ով կարևորեց նմանատիպ կառույցների առկայությունը մեր երկրում:

«Առաջատար տեխնոլոգիաների ոլորտում մեր երկրի հաջողությունները այնքան ակնհայտ պետք է լինեն, որ բուհն ավարտած առնվազն 3 երիտասարդ հիմնեն ստարտափներ ու դրանով իսկ համապատասխան միջավայր ստեղծեն դրսից եկող ընկերությունների ներդրումների համար: Եվ չի բացառվում, որ այդ ստարտափները կդառնան գերհզոր ընկերություններ առաջատար տեխնոլոգիաների ոլորտում»-շեշտեց Գևորգ Գորգիսյանը:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը հույս հայտնեց, որ «Արմաթ» նախագիծը միակը չի լինի միության ծրագրերի մեջ, որ բրենդ դարձավ, և մոտ ապագայում կարող ենք ակնկալել նորարարական և կրթական այլ նախագծեր ևս:

««Արմաթ» ծրագրի ներդրման արդյունքում այսօր Հայաստանի բոլոր մարզերում և Ջավախքում գործում են 260 ինժեներական լաբորատորիաներ և շուրջ 6500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն:Հաջորդ մեր նախագիծը, որը մենք նախատեսում ենք իրականացնել այս տարի «WCIT-ՏՏ համաշխարհային համաժողովն է»- ասաց Ալեքսանդր Եսայանը:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) Հայաստանում գործող ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ընկերությունները, միջազգային կորպորացիաները, կազմակերպություններն ու հաստատությունները միավորող բիզնես ասոցիացիա է: Միության իրականացրած նախագծերի ընդհանուր թիվը կազմում է շուրջ 200:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում