Անդրանիկ Քոչարյանի կարծիքով` Հայաստանը ներկայում լուծում է արժանապատիվ խաղաղության հասնելու խնդիր
2 րոպեի ընթերցում
![Անդրանիկ Քոչարյանի կարծիքով` Հայաստանը ներկայում լուծում է արժանապատիվ խաղաղության հասնելու խնդիր](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/04/969658.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը լրացուցիչ ռազմական հարց լուծելու խնդիր չունի, Հայաստանն ունի միայն արժանապատիվ խաղաղության հասնելու խնդիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի Նյու Յորքում արած հայտարարությանը:
«Մենք զինադադարի ենք հասել խաղաղություն պարտադրելով: Խաղաղության կոնցեպցիան միշտ եղել է մեր պաշտպանական ռազմավարության հիմքում: Մենք լրացուցիչ որևէ ռազմական հարց լուծելու խնդիր չունենք, մենք արժանապատիվ խաղաղության հասնելու խնդիրն ենք լուծում այսօր»,- ասաց Քոչարյանը:
Նա նշեց, որ 90-ականներին Հայոց բանակի ստեղծումից սկսած Հայաստանը լուծել է խաղաղության խնդիր: Քոչարյանի կարծիքով` մեր խնդիրն այսօր այդ խաղաղությունը պահելն է ու վերջնական արժանապատիվ խաղաղության հասնելու գործընթացները մոտեցնելն այն իրողություններին, որոնց պետք է կարողանանք հասնել բանակցային գործընթացներում:
Տոնոյանը օրեր առաջ Նյու Յորքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտնել է, որ Արցախի խնդրի կարգավորման համար «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը չի լինելու, ինքն այն վերաձևակերպել է «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»: