Իվետա Տոնոյանը Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքում Արցախի խնդրի կարգավորում գործընթացում բեկում չի տեսնում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի կարծիքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպման արդյունքում խնդրի կարգավորման գործընթացում բեկում չի արձանագրվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տոնոյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում ճեպազրույցում:
«Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական բանակցությունների արդյունքում, կարծում եմ, որ գործընթացում բեկում չի արձանագրվել: Ինչպես հայտնի է դառնում թե Նիկոլ Փաշինյանի հնչեցրած եզրույթներից, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններից` գլխավոր շեշտադրումը դրվել է փոխվստահության ձևավորման ուղղությամբ տարվելիք աշխատանքների կայացման վրա: Դա ենթադրում է թե դիպուկահարների ետքաշման, թե սահմանային լարվածության թոթափման մասով տարվող աշխատանքներ»,- ասաց պատգամավորը:
Նա նկատեց` ոչ ոք չի կարող ասել, թե մոտ 3 ու կես ժամ տևած հանդիպման ընթացքում ինչ Է քննարկվել: Նա հավելյալ տեղեկատվության անհրաժեշտություն տեսավ:
Վիեննայում անցկացված Փաշինյան-Ալիև հանդիպումն առաջինն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մինչ այդ կայացել է երեք ոչ պաշտոնական հանդիպում: 2018 թ. Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Դուշանբեում կարճ զրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո մինչ օրս կողմերի միջև «օպերատիվ կապ» է հաստատվել: Փաշինյան-Ալիև ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում է կայացել նաև դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում: 2019 թ. հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում տեղի ունեցած մեկուկես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։