Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի ուժեղացումը մեր անհետաձգելի խնդիրներից է. Փաշինյանի ուղերձը դիվանագետներին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Դիվանագետի օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Հարգելի դիվանագետներ,

Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության դիվանագետի օրվա կապակցությամբ:

Հատկանշական է, որ մասնագիտական ձեր տոնը շաղկապված է հայ ժողովրդի պատմության ու հայոց պետականության կայացման շրջանի կարևորագույն այն իրադարձության հետ, երբ Հայաստանի Հանրապետության եռագույնը վեր հառնեց ՄԱԿ կենտրոնակայանի առջև՝ իրականացնելով մեր ժողովրդի դարավոր երազանքը, որն է՝ Հայաստանի տեղի ու դիրքի իրավական և խորհրդանշական ամրագրումը ինքնիշխան պետությունների մեծ ընտանիքում։

ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունները, Հայաստանի ու Արցախի անվտանգության անսասանությունը, մեր քաղաքացիների արժանապատվությունն ու մեր երկիրն ավելի լավը տեսնելու կամքն այն արժեքներն են, որ ընկած են ձեր գործունեության հիմքում և պետք է առաջնորդեն ձեզ դեպի նորանոր հաջողություններ:

Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կան լրջագույն հարցեր, որոնք առաջնահերթ և կենսական նշանակություն ունեն մեր պետության համար: Այդ հարցերի նկատմամբ մեր դիրքորոշմամբ և կեցվածքով են պայմանավորված Հայաստանի բնականոն զարգացումը, անվտանգությունը և միջազգային հեղինակությունը:

Հայաստանը ներկայումս ընթանում է հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում համարձակ և անշրջելի բարեփոխումների ճանապարհով: Դուք՝ դիվանագետներդ, նույնպես կարևոր առաքելություն ունեք այս գործընթացներում՝ արտաքին քաղաքական ոլորտում այն ողջ ներուժը նյութականացնելու առումով, որը համակարգվեց մեր երկրում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ:

Թավշյա հեղափոխությունից հետո մի կողմից առերեսվել ենք նոր մարտահրավերների, սակայն, մյուս կողմից, ունենք աննախադեպ հնարավորություններ։ Այսօր Հայաստանը միջազգային ասպարեզում հասել է մինչ օրս չհաղթահարած ամենաբարձր վարկանիշին։ Յուրաքանչյուր այցելություն, յուրաքանչյուր հանդիպում ասվածի վկայություններն են։ Մինչ օրս, Հայաստանում տեղի ունեցած և շարունակվող փոփոխություններն արժանացել և շարունակում են արժանանալ միջազգային հանրության ամենաբարձր գնահատականին։ Այս ամենը մենք պետք է կարողանանք առարկայացնել արտաքին քաղաքական ու տնտեսական ձեռքբերումներով:

Սիրելի դիվանագետներ,

Հայաստանն իրավունքի ու արդարության, ճշմարտության ու կարևորագույն արժեքների՝ ազատության, ժողովրդավարության, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության երկիր դարձնելն է մեր համատեղ առաքելությունը, և այդ առաքելությունից մենք չենք շեղվելու ոչ մի միլիմետր:

Այս հանգրվանում մեր կարևորագույն առաջնահերթությունը քաղաքական հեղափոխության վերածումն է տնտեսական հեղափոխության: Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի ուժեղացումը մեր այսօրվա անհետաձգելի խնդիրներից է, և ԱԳՆ-ն մեծ դերակատարություն ունի այս հարցում: Մենք պետք է նաև միջազգային ասպարեզում լավագույնս և համապարփակ կերպով ներկայացնենք մեր երկրում բիզնես միջավայրի բարելավման նպատակով ստեղծվող բոլոր հնարավորությունները:

Հարգելի դիվանագետներ,

Այսօր մենք ունենք բացառիկ միասնություն՝ մեր համազգային օրակարգն առաջ մղելու համար, որի նպատակը մեր պետականության ամրապնդմանը միտված նպատակների և երազանքների իրագործումն է: Այդ առումով ձեզանից ակնկալում եմ հետևողական և անմնացորդ աշխատանք:

Շնորհավորելով ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ նոր խիզախ գաղափարներ և անսպառ եռանդ դրանք իրագործելու ճանապարհին՝ ի շահ մեր պետության հզորացման ու ժողովրդի բարօրության»:

Հայերեն العربية English Français Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում