Պաշտոնական

Արարատ Միրզոյանն ու ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանն ու ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 19-ին ընդունել է մեր երկրում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոտոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Ազգային ժողովի նախագահն արձանագրել է, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-շվեյցարական կապերը դինամիկ զարգացել են բոլոր ուղղություններով:

Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ նորընտիր խորհրդարանը պատրաստ է հայ-շվեյցարական համագործակցության շրջանակն առավել ընդլայնելու եւ այն նոր մակարդակի բարձրացնելու:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին` խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Շվեյցարիայի Համադաշնության հավասարակշռված դիրքորոշումը հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:

Ստեֆանո Լազարոտոն, շնորհավորելով Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ, հաջողություններ է մաղթել նրան: Բարձր գնահատելով երկու երկրների փոխգործակցության ներկա մակարդակը` դեսպանը կարեւորել է միջազգային հարթակներում երկու երկրների ակտիվ համագործակցությունը:

Կողմերը, ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման եւ համագործակցության խորացման գործում, անհրաժեշտ են համարել օրենսդիրների ակտիվ շփումներն ու փորձի փոխանակումը:

Զրուցակիցները վերահաստատել են համատեղ ծրագրերը շարունակելու պատրաստակամությունը, անդրադարձել տարբեր ուղղություններով համագործակցության զարգացման հեռանկարներին ու հնարավորություններին: Նրանք մտքեր են փոխանակել կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարի, ինչպես նաեւ երկրում ժողովրդավարության խորացման ու ամրապնդման հարցերի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում