Կոշիկներից մինչև գրքեր. Թումանյանի անձնական իրերը հետաքրքիր պատմություններ ունեն

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում պահվում են մեծ բանաստեղծի սիրելի և նվիրական իրերը. դրանցից շատերը մեծ նշանակություն են ունեցել հանճարեղ գրողի համար և իրենց հետքն են թողել նրա ստեղծագործական և անձնական կյանքում:

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է թանգարանի ավագ գիտաշխատող Անահիտ Նալբանդյանի հետ, որը մեզ ներկայացրել է հետաքրքրաշարժ պատմություններ Թումանյանի համար թանկ իրերի մասին:

Ինչպես Հովհաննես Թումանյանի կոշիկներով խաղացին Համլետի դերը

«Վերնատանը հաճախ էր լինում երիտասարդ դերասան Կարապետ Գալֆայանը և խաղում էր իր դերերը: Օհաննեսը նրան օգնում էր, ոգևորում, պաշտպանում մամուլի էջերում: Երբ Գալֆայանն արտասահման էր մեկնել սովորելու, Օհաննեսը նրա համար դրամ հավաքեց և ուղարկեց»,-Նալբանդյանը մեջբերեց Թումանյանի կնոջ՝ Օլգա Թումանյանի հուշերից մի հատված՝ընդգծելով, որ Թումանյանի համար անչափ հետաքրքրական մարդ է եղել Գալֆայանը, որին գրողը մշտապես աջակցել է:

«Մեծ գրողներից ամենից շատ սիրում էր Շեքսպիրին: Շեքսպիրի դրամաներից ամենաշատը սիրում էր «Համլետ»-ը և Համլետի համար պահանջում էր լավ խաղ: Ամեն անգամ վրդովվում էր, երբ դերասանները վատ էին խաղում Համլետի դերը: Նա ամենից շատ Ադամյանին էր հավանում` նրան համարելով իսկական Համլետ: Առհասարակ Ադամյանին շատ էր սիրում: Սիրանուշի Համլետը չէր սիրում, Կարապետ Գալֆայանի խաղից հավանում էր որոշ կտորներ և տեսարաններ»,-իր հուշերում գրել է Թումանյանի դուստր՝ Նվարդը:

Անահիտ Նալբանդյանը պատմեց, որ Կարապետ Գալֆայանը Համլետի դերը խաղալու համար բեմական կոշիկներ չի ունենում և Թումանյանին խնդրում է ժամանակավոր տրամադրել իր տնային հատուկ կոշիկները, որոնք գրողը միմիայն տանն էր հագնում, քանի որ շատ հյուրեր էր ունենում և հողաթափերով անհարմար էր դիմավորել նրանց: Հարմարավետ ու գեղեցիկ կոշիկներով Գալֆայանն ի վերջո խաղում է Համլետի դերը:

«Այդ ժամանակ Թումանյանը մոտ քառասուն տարեկան էր. ստեղծագործական բուռն շրջանը: Թումանյանը սերտ և ջերմ հարաբերություններ ուներ ոչ միայն դերասանների, այլև բազմաթիվ նկարիչների, գրականագետների, գրողների հետ»,-նշեց Նալբանդյանը:

Ղազարոս Աղայանի նվիրած ինքնատիպ բաժակները

«Հովհաննես Թումանյանը գրական ասպարեզ է մուտք գործել շատ երիտասարդ տարիքում և անմիջապես ձեռք է բերել ոչ միայն հայտնի գրողների, գրականագետների, այլև քննադատների բարեհաճ վերաբերմունքը: Նրանք հասկացել են, որ տաղանդավոր ու խոստումնալից երիտասարդ է գալիս գրական ասպարեզ: Թումանյանի համար շատ կարևոր էր այդ մարդկանց հետ ընկերությունը, մտերմությունը, բայց Թումանյանն անգնահատելի էր համարում Ղազարոս Աղայանի ընկերությունը: Աղայանը Թումանյանից մեծ էր մոտ երեսուն տարի: Նա անտեսեց տարիքային տարբերությունը, իր ճանաչումն ու սիրված լինելը և մտերմացավ Թումանյանի հետ՝ դառնալով նրա ընտանիքի լավ բարեկամը»,-ներկայացրեց ավագ գիտաշխատողը և հավելեց, որ Թումանյանի հոր աշխարհիկ անունն Ասլան էր, և Աղայանը Թումանյանին դիմում էր «Ասլան բալա»-ով, իսկ Թումանյանն Աղայանին նրա հեքիաթի հերոսներից մեկի՝ Ասլանի անունով կոչում էր Ասլան ապեր:

Գրողները մտերիմ էին նաև ընտանիքներով և հաճախ էին միմյանց նվերներ տալիս: «Այս երկու հետաքրքիր բաժակներն Աղայանի և իր կնոջ՝ Նատալյայի նվերն են Թումանյանին և Օլգային»,-ասաց Նալբանդյանը՝ ընթերցելով Օլգայի հուշերից մեկը՝ կապված նվերի հետ: «Սովորաբար երեկոները երեխաներին տանում էի Արծրունու այգի զբոսանքի: Երեկոներն այդ նույն այգում զրույցի էին հավաքվում, գարեջուր խմում Օհաննեսը, Աղայանը, Պռոշյանը, Շիրվանը: Այս այգում 1902 թվականին՝ իր քառասունամյա գործունեության հոբելյանի օրը, Աղայանն ընթրիք տվեց իր ընտանիքի հետ: Այդ օրը նա ինձ նվիրեց արծաթե գավաթ իր ափսեով ու գդալով, իսկ Օհաննեսին՝ արծաթե բաժակակալ ու գդալ»:

Թումանյանի սիրելի գրապահարանը

Թումանյանի աշխատասենյակում դրված է մի շատ հետաքրքիր գրապահարան, որը ձևով, ոճով տարբերվում է նրա ունեցած այլ պահարաններից և դրա մասին շատ հետաքրքիր հուշ ունի Նվարդ Թումանյանը: Նա գրել է. «Հայրիկի գրադարանն ու աշխատասենյակը հարստանում էին: Օրինակ՝ մի անգամ նա մի լավ ու գեղեցիկ գրապահարան էր տեսել ու շատ էր ուզում գնել այն, որը ութսուն ռուբլի արժեր, բայց փող չկար: Եթե հայրիկը մի բան հավանում էր ու ցանկանում էր գնել, ուրեմն հասնում էր իր նպատակին: Նա նստեց ու սկսեց թարգմանել «Իլյա Մուրոմեց»-ը: Երկու օրից ավարտեց, տարավ խմբագրություն, գումարը ստացավ և գնեց գրապահարանը: Այդ պահարանը մինչ օրս «Իլյա Մուրոմեց» ենք անվանում»:

Մեծ գրողի գրադարանը

«Թումանյանն ավարտուն կրթություն չի ստացել: Նա ընդունվել է երեք տարբեր դպրոցներ, որոնցում տարբեր պատճառներով կրթությունն ընդհատվել է: Բոլորս Թումանյանին ճանաչում ենք որպես շատ խելացի, գրագետ և բազմակողմանի զարգացած մարդու: Այդ ամենին նա հասել է իր ընթերցասիրության և գրքի նկատմամբ ունեցած մեծ պաշտամունքի շնորհիվ: Նա միշտ գրքեր էր գնում, կարդում դրանք, ուսումնասիրում: Թումանյանն իր տանը ստեղծեց մի հսկայական գրադարան, որտեղ կար տասը հազար կտոր գիրք տարբեր լեզուներով, տարբեր թեմաներով: Գրքերը պահում էր 13 գրապահարանում: Պահպանվել է 8000 գիրք: Դրանք գտնվում են թանգարանում կառուցված գրադարանում և պահվում են հատուկ խնամքով և ուշադրությամբ»,-պատմեց ավագ գիտաշխատողը:

Նա շեշտեց, որ Թումանյանի գրադարանի հայագիտության պահարանում բացառիկ, հազվագյուտ ու հնատիպ գրքեր կան: Կան 1641, 1660 և 1668 թվականների տպագրություններ: «Դրանք գրատպության ամենաառաջին գրքերից են: 1641 թվականինը Խաչատուր Կեսարացու «Հարանց վարք» գիրքն է: Արտասահմանյան գրականությունից ունի Բայրոն, Շեքսպիր և այլ մեծությունների գործեր: Բարձրարժեք գրքեր կան նաև ռուս գրականությունից: Թումանյանը չէր տիրապետում օտար լեզուների, և օտարալեզու գրականությունը կարդում էր բառարանների օգնությամբ: Մի առանձին պահարան բառարաններ ու հանրագիտարաններ ուներ, որոնց օգնությամբ ոչ միայն ընթերցում էր, այլև թարգմանում»,-ներկայացրեց Նալբանդյանը:

Արկղիկ, որում տարիներ շարունակ պահվել է ամենայն հայոց բանաստեղծի սիրտը

Հովհաննես Թումանյանը շատ ծանր և դաժան հիվանդությունից է մահացել: Երբ հայտնաբերվել է այն, որոշվել է գրողին Բեռլին տեղափոխել, վիրահատել, բժշկել: Անահիտ Նալբանդյանի խոսքով՝ ճանապարհին՝ Մոսկվայում, նրա վիճակը սաստիկ վատանում է: Թումանյանին պառկեցնում են հիվանդանոց, որտեղ նա կնքում է մահկանացուն: Թումանյանի որդին` Արեգը, խնդրում է տեղի բժիշկներին, որոնք հատուկ քիմիական մշակման են ենթարկում Թումանյանի սիրտը, այն հանձնել իրեն: Սիրտը դնում են ֆորմալինի լուծույթի մեջ, և Արեգը հոր սիրտն իր հետ տանում է Թիֆլիսի իրենց տուն: Թումանյանի սիրտը 17 տարի գեղեցիկ արկղի մեջ պահվում է նրա տան աշխատասենյակում: 1940 թվականին Երևանի բժշկական համալսարանի նամակ-խնդրանքով սիրտը բերվում է Երևան ու ցուցադրվում է Բժշկական համալսարանի նորաբաց թանգարանում: Այնտեղ սիրտը մնացել է մինչև 1994 թվականը: «Այդ տարի լրանում էր Թումանյանի ծննդյան 125-ամյակը: Հայաստանի կառավարության որոշմամբ՝ բանաստեղծի սիրտը տանում են Դսեղ ու թաղում են գրողի հայրական տան բակում: Հետագայում բանաստեղծի թաղված սրտի վրա մատուռ է կառուցվում»,-ասաց Նալբանդյանը:

1953 թվականին Երևանում բացված Հովհաննես Թումանյանի թանգարանում պահվող բոլոր ցուցանմուշները Թբիլիսիից են, որտեղ նա հանգրվանել էր երիտասարդ տարիքից: Առաջին հերթին թանգարան են բերվել միայն Թումանյանի աշխատասենյակի իրերը: Հետագայում ամեն տարի մի քանի իր, առարկա, կահույքի մաս համալրել են թանգարանի հավաքածուն:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում