Սերբիայի նախագահն Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը վերահաստատել է Հայաստանում դեսպանություն բացելու մտադրությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանըփետրվարի 17-ին Մյունխենում հանդիպել է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,Հայաստանի և Սերբիայի նախագահները համակարծիք են եղել, որ դարերի պատմություն ունեցող հայ-սերբական հարաբերությունները, երկու ժողովուրդների պատմամշակութային առնչություններն ու ընդհանուր արժեքները լավ հիմք են ստեղծում տարբեր ոլորտներում գործընկերային համագործակցության զարգացման համար։
Սերբիայի նախագահը վերահաստատել է Հայաստանում դեսպանություն բացելու իր երկրի մտադրությունը, ինչը նոր խթան կարող է հանդիսանալ փոխգործակցության խորացման գործում։