Քաղաքականություն

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելով Մակրոնը կատարել է իր խոստումը. Ֆրանսիայի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

 Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելով Մակրոնը կատարել է իր խոստումը. Ֆրանսիայի ԱԳՆ

ՓԱՐԻԶ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Թուրքիայի արձագանքին՝ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմանը:

ԱԳՆ-ի ամենօրյա ճեպազրույցում հարց է հնչել. «Արդյոք Թուրքիան պատասխանել է Ֆրանսիային՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու նախագահ Մակրոնի որոշումից հետո»:

Արտաքին քաղաքական գերատեսչությունից պատասխանել են, որ հիշատակի օրվա հիմնադրմամբ նախագահ Մակրոնը կատարել է իր հայտնի խոստումը՝ հարգանքի տուրք մատուցելով Ֆրանսիայի հայ քաղաքացիների նախնիներին:

«Մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել Թուրքիայի իշխանությունների հետ այս հարցի շուրջ տեսակետների փոխանակման: Նրանք տեղեկացվել են մեր դիրքորոշումներին, ինչպես և մենք տեղյակ ենք, թե ինչպիսի դիրքորոշում ունեն նրանք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել են Ֆրանսիայի ԱԳՆ-ում:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին, որը կայացել է փետրվարի 5-ին, ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Մակրոնը նաև նշել էր, որ անձամբ է տեղյակ պահել Էրդողանին իր որոշման մասին:Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն արձագանքել էր՝ Մակրոնին մեղադրելով քաղաքական նպատակներով պատմական իրադարձությունները գործիք դարձնելու մեջ:

Ընթրիքին Մակրոնը նաև հարգանքի տուրք է մատուցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին: Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001թ. օրենքի ուժով, իսկ 2016թ. քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում