Հայաստանն ու Սինգապուրը կզարգացնեն համագործակցությունը տարբեր ոլորտներում. Նիկոլ Փաշինյանը Սինգապուր այցելելու հրավեր է ստացել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Սինգապուրի փոխվարչապետ Թարման Շանմուգարատնամի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Սինգապուրի հետ տարբեր ոլորտներում համագործակցության շարունակական ընդլայնմամբ և նշել, որ վերջինիս զարգացման փորձն օրինակելի է մեր երկրի համար:

Վարչապետը կարևորել է տնտեսական կապերի խորացումը, առևտրատնտեսական հարաբերությունների հետևողական զարգացումը, գործարարների միջև փոխգործակցությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մեր երկրում բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին և անհրաժեշտ համարել Սինգապուրի բիզնեսին Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունների մասին ազդակներ հաղորդելը:

Մասնավորապես, զրուցակիցները քննարկել են Հայաստանից տարբեր ապրանքների` կոնյակի, գինու, գարեջրի, հյութերի և վերամշակված այլ մթերքների` Սինգապուր արտահանելու հնարավորությունները:

Թարման Շանմուգարատնամը նշել է, որ իր երկրի կառավարությունը ևս կարևորում է Հայաստանի հետ համագործակցության զարգացումը` հաշվի առնելով նաև մեր երկրում տեղի ունեցած վերջին դրական փոփոխությունները: Նա Նիկոլ Փաշինյանին է փոխանցել իր երկրի վարչապետի` Սինգապուր այցելելու հրավերը և նշել, որ այն կարող է նոր թափ հաղորդել երկկողմ փոխգործակցությանը տարբեր ուղղություններով: Փոխվարչապետը հավելել է, որ հայերը Սինգապուրում հայտնի են որպես օրինակելի քաղաքացիներ և ունեն բարձր հեղինակություն սինգապուրցիների շրջանում: Թարման Շանմուգարատնամը նշել է, որ իր երկրի գործարար շրջանակներին կփոխանցի Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Միաժամանակ, նա հավակնոտ է համարել ՀՀ կառավարության` կոռուպցիայի դեմ պայքարի, բիզնես միջավայրի բարելավման, կառավարման համակարգի արդիականացմանը միտված ծրագրերը:

Այս համատեքստում, կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները նշված ոլորտներում համագործակցության ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու ՏՏ ոլորտի համաշխարհային կոնգրես և կարևորել սինգապուրյան ընկերությունների մասնակցությունն այդ խոշոր միջոցառմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև զբոսաշրջության, բնապահպանության և ավիացիոն ոլորտներում կոնկրետ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Հայերեն العربية English Русский

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս