Գրողների միությունում տեղի ունեցավ Սիլվա Կապուտիկյանի «Մեղուները» և «Սիլվա Կապուտիկյան 100» գրքի շնորհանդեսները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծանուն գրող, բանաստեղծ և հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանի հոբելյանին նվիրված միջոցառման ընթացքում հնչեցին երգեր հեղինակի բանաստեղծությունների հիման վրա, ընթերցվեցին Կապուտիկյանի հանրահայտ գործերը, տեղի ունեցան գրքերի շնորհանդեսներ և իրենց ելույթներով Կապուտիկյանին շնորհավորեցին ականավոր գործիչները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրական-գեղարվեստական հանդիսությունն անցկացվեց հունվարի 22-ին Հայաստանի գրողների միությունում:

Ցերեկույթին ընթերցվեց Սիլվա Կապուտիկյանի հոբելյանին ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը, որում ասվում էր, որ քսան տարեկանում գրական շռնդալից մուտքով Կապուտիկյանը դարձավ շատ գրասերների ուշադրության և հիացմունքի առարկան: «Քսանչորս տարեկանում գրած «Խոսք իմ որդուն» բանաստեղծությամբ նա համազգային ճանաչում և ընդունելություն ձեռք բերեց: Բանաստեղծությունը դարձավ հայրենասիրության և հայապահպանության կարգախոս թե’ մայր հայրենիքում, թե’ սփյուռքում:

Դեռևս հեռավոր 1959 թվականից նա լծվեց Արցախի իրավունքների պաշտպանության դժվարին գործին` հստակ գիտակցելով, որ փշոտ է լինելու ազատության ճանապարհը: Կապուտիկյանն ամբողջ կյանքում ապրեց իր ժողովրդի, նրա բոլոր հատվածների և խավերի ցավերով ու մտահոգություններով: Նրա արձակը, հրապարակախոսությունը, հասարակական ու քաղաքական գործունեությունը արժանի են ոչ միայն համընդհանուր գնահատանքի, այլև մանրամասն ուսումնասիրության: Համոզված եմ, որ նոր սերունդն ուսանելի շատ բան կգտնի դրանցում»,-նշված էր ուղերձում:

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծեց, որ Կապուտիկյանն անցել է գրական մեծ ճանապարհ: «Շուրջ 25 գրքերի, բազմաթիվ թարգմանված ժողովածուների և հատորների հեղինակ է` լայնորեն ճանաչված և սիրված նաև սփյուռքում: Ես տեսել եմ, թե Մոսկվայում ինչ սիրով էին արտասանում նրա բանաստեղծությունները: Նրա գիրն ընդգրկուն է` լայն թեմատիկայով»,-ներկայացրեց Միլիտոնյանը: Միության նախագահը հավելեց, որ Կապուտիկյանը խիզախ հայ կնոջ կերպար էր և խիզախ էր նաև իր նկատմամբ:

«Սիլվա Կապուտիկյանն առանձնահատուկ է, որովհետև պոեզիայի աշխարհում կանայք շատ քիչ են: Հայ ազգը բախտավոր է, որ կարողացավ Եղեռնից հետո ժայթքել մի հրաբուխ, որի անունն է Սիլվա Կապուտիկյան: Նա հզոր է նրանով, որ բազմաժանր հեղինակ է: Ինչպես պոեզիայի, այնպես էլ արձակի առումով նա աներևակայելի մեծ հունձք ապահովեց ու կարևոր է, որ համաշխարհային ընթերցողը ճանաչեց նրան»,-նշեց Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմենուհի Դեմիրճյանը:

Նրա խոսքով` Կապուտիկյանի գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, և թանգարանի գործառույթներից է բազմապատկել թարգմանությունները: «Այս տարի նախատեսվում են ցուցահանդեսներ, ֆիլմ նկարահանելու հեռանկար կա, կկազմակերպենք կապուտիկյանական թեմաների նկարազարդումներով կոնյակի, կոնֆետների արտադրություն»,-ներկայացրեց Դեմիրճյանը::

Միջոցառմանը երաժշտական համարներով հանդես եկան Ռուբեն Սահակյանը, Մարիաննա Ավետիսյանը, Արմեն Դանիելյանը: Տեղի ունեցան «Մեղուները», որը նկարազարդել են Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող երեխաները, և «Սիլվա Կապուտիկյան 100» գրքերի շնորհանդեսները:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում