ԲՀԿ-ն հանդես կգա դատապարտվածների ներման գործընթացում զոհի հարազատների մոտեցումը հաշվի առնելու մասին օրենքի նախագծով
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջիկայում հանդես է գալու դատապարտվածներին ներում շնորհելու գործընթացում այդ հանցագործության պատճառով զոհվածի իրավահաջորդների մոտեցումը հաշվի առնելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ ամբիոնից նման տեսակետ հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նույն խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը հետաքրքրվեց դատապարտյալներին ներում շնորհելու ինստիտուտի նկատմամբ Նաիրա Զոհրաբյանի դիրքորոշմամբ:
Զոհրաբյանը նշեց, որ Հայաստանում այս պահին 91 ցմահ դատապարտված անձ կա: «Շատ դեպքերում ներման հանձնաժողովը որոշում է կայացրել դատապարտվածին չտեսնելով: Առաջիկայում մեր խմբակցությունը հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ, որ ներման գործընթացի ինչ-որ փուլում հաշվի առնվի նաև հանցագործության պատճառով զոհի իրավահաջորդների մոտեցումը»,-ասաց Զոհրաբյանն ու հավելեց` սա անչափ կարևոր է:
Պատգամավորը շեշտեց, որ ներման ինստիտուտն ու հանձնաժողովը պետք է վերանայվեն: Նա նաև անդրադարձավ ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին հնարավոր ներում շնորհելու հարցին: Զոհրաբյանը չցանկացավ այդ առիթով տեսակետ հայտնել: Սակայն շեշտեց՝ իր համար սկզբունքային է, որ ծանր հանցագործությունների դեպքում ներման ինստիտուտի գործարկման փուլում անպայմանորեն հաշվի առնվի այդ հանցագործությունից տուժածի, զոհի հարազատների տեսակետը:
Զոհրաբյանը նշեց, որ շարունակելու է զբաղվել նաև բանակում կատարած հանցագործության համար ցմահ ազատազրկված մարդկանց գործով:
Մհեր Ենոքյանը 1996 թվականին սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում: Նրան մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ի նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։ Ըստ դատավճռի՝ Ենոքյանը հանցագործությունը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինիս տանը: Արամ Հարությունյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: 2003-ին մահապատիժը ՀՀ-ում վերացվել է, իսկ Մհեր Ենոքյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման։Նրան ներում շնորհելու գործընթացը բավականին մեծ աղմուկ է առաջացրել: Օրեր առաջ կառավարության շեքի դիմաց այդ գործընթացի դեմ բողոքի ակցիա էր կազմակերպվել: