Քաղաքականություն

Մհեր Մարգարյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալին

2 րոպեի ընթերցում

Մհեր Մարգարյանը հանդիպել է  ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալին

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը դեկտեմբերի 26-ին հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոյին (Rosemary DiCarlo):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացվել են Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու կառավարության ձևավորման գործընթացը։ Նշվել է միջազգային դիտորդների և արտասահմանյան մամուլի գնահատականը Հայաստանի ընտրություններին՝ հիշատակելով նաև ընտրությունների նախապատրաստական փուլում ՄԱԿ-ի հետ Հայաստանի կառավարության արդյունավետ փոխգործակցությունը։

ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատել է, որ Հայաստանի իշխանությունները հաստատակամ են երկրում մեկնարկած բարեփոխումներն առաջ տանելու հարցում՝ հատկապես օրենքի գերակայության, արդարադատության, տնտեսական և քաղաքական դաշտում հավասար հնարավորությունների ապահովմանն ու կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։ Գլխավոր քարտուղարի տեղակալ Դիկարլոն շնորհավորել է հայկական կողմին արտահերթ խորհրդարանական ընտրությունները միջազգային բարձր չափանիշներին համապատասխան անցկացնելու կապակցությամբ՝ գոհունակությամբ նշելով ՄԱԿ-ի կառույցների հետ ձևավորված սերտ համագործակցությունը։

Մհեր Մարգարյանը գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումներն ու առաջնահերթությունները։ Երկուստեք ընդգծվել է բանակցությունների համար բարենպաստ միջավայրի ձևավորման կարևորությունը, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի և Գլխավոր քարտուղարի անվերապահ, շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում