Մհեր Մարգարյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի հետ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 4-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպեց Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց հատուկ խորհրդականի գրասենյակի հետ ձևավորված ակտիվ համագործակցությունն ու դրա շրջանակներում իրականացվող նախաձեռնությունները, անդրադարձ կատարվեց Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու կոնվենցիայի ընդունման 70-ամյակին ընդառաջ Կոնվեցիայի վերաբերյալ իրազեկման բարձրացմանն ու համընդհանուր վավերացմանն ուղղված միջազգային քարոզարշավի ընթացքին:
ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից վերահաստատվեց մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման խնդիրների կարևորությունը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, հիշատակվեցին այս ուղղությամբ իրականացվող քայլերը, ինչպես նաև դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու վերաբերյալ 2015թ. Հայաստանի նախաձեռնությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումի նախապատրաստական աշխատանքներն ու միջոցառման թեմատիկ շեշտադրումները` ուղղված ցեղասպանությունների կանխարգելման համատեքստում կրթության դերի բարձրացմանը:
ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից վերահաստատվեց Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի գրասենյակի գործունեությանն աջակցելու ու փոխգործակցությունն ընդլայնելու Հայաստանի հանձնառությունը: