Ինչ մոտեցումներ ունեն քաղաքական ուժերը ՀՀ հարևանների հետ հարաբերությունների վերաբերյալ

10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հետաքրքրական է հասկանալ, թե ինչպիսին է ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների (ընդհանուր՝ 11) տեսլականը ՀՀ արտաքին քաղաքականության, այդ թվում՝ Իրանի, Վրաստանի և Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ:

Հարևան երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ ՀՀ քաղաքական ուժերի մոտեցումները ներկայացված են խմբավորված՝ հիմնված քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում ամրագրված տեսակետների վրա:

Հատկանշական է, որ ՀՀ տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ հիշատակում չկա «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախընտրական ծրագրում, որտեղ պարզապես ամրագրվում է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է իրականացվի՝ հիմնված ազգային-պետական շահերի, միջազգային իրավունքի, պետությունների և միջազգային կառույցների հետ փոխգործակցության, դաշնակցային և բարիդիրցիական հարաբերությունների վրա:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական ծրագրում ևս չկա առանձին անդրադարձ տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններին, սակայն նշվում է, որ «հարևաններին չենք կարող փոխել, և բարիդրա­ցիական հարաբերություններն այլընտրանք չունեն»։

«Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր» համահայկական և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների նախընտրական ծրագրերում խոսվում է երկու հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ հարաբերություների մասին: Եթե ՀՀԿ նախընտրական ծրագրում միայն նշվում է Իրանի և Վրաստանի հետ բարիդրացիական փոխգործակցության կարևորության մասին, ապա «Լուսավոր Հայաստանը» շեշտում է, որ «պետք է ձեռնարկել բոլոր միջոցները՝ ամրապնդելու համապարփակ և գործընկերային սերտ և անքակտելի հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ՝ հիմնված փոխվստահության և գործընկերության շարունակական ամրապնդման և զարգացման վրա բոլոր ոլորտներում»։ «Սասնա ծռեր» կուսակցությունն էլ կարևորում է Իրանի հետ ռազմավարական գործընկերության հարաբերություններ հաստատելը՝ հավելելով, որ «ժամանակն է կառուցել Իրան-Հայաստան մեծ տարողունակությամբ գազատար»: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա «Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ծրագրում նշվում է, որ այդ երկրի հետ հարաբերությունները պետք է հասցնել որակապես նոր մակարդակի:

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության նախընտրական ծրագրում չկա որևէ անդրադարձ Իրանի հետ հարաբերություններին: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա նշվում է, որ Վրաստանի հետ հարաբերությունները պետք է կառուցել բարեկամության և ազգային շահերի փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա: Շեշտվում է, որ «բարիդրացիական հարաբերություններն իրենց դրական ազդեցությունը կունենան ջավախահայության և ընդհանրապես վիրահայության իրավունքների լիարժեք իրականացման վրա»: Կուսակցության նախընտրական ծրագրում ընդգծվում է նաև «թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական ծրագրերին դիմակայելու անհրաժեշտությունը»: Իսկ Հայոց ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման հարցերը ՀՅԴ-ն համարում է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի անքակտելի մաս՝ շեշտելով, որ պետք է բացառել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը թուլացնող որևէ գործողություն

«Իմ քալը» դաշինքը, «Ազգային առաջընթաց», «Օրինաց Երկիր» կուսակցությունները և «Մենք»դաշինքը բավական համապարփակ անդրադարձել են թե´ Իրանի, թե´ Վրաստանի և թե´ Թուրքիայի հետ հարաբերություններին: «Իմ քալը» դաշինքը նշում է, որ «պետք է ապահովել սահմանակից երկրների՝ Վրաստանի և Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումը` անկախ աշխարհաքաղաքական ազդեցություններից»: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա դաշինքի նախընտրական ծրագրում շեշտվում է, որ «Թուրքիայի կողմից շարունակական շրջափակման պայմաններում բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված հայկական կողմի միակ ընդառաջ քայլը հայ-թուրքական սահմանն առանց նախապայմանների բացելու պատրաստակամության հայտնումն է, ինչը հնարավոր է միայն թուրքական կողմից երկկողմ հարաբերությունների կարգավորումը ձգձգելու նպատակով երրորդ երկրներին վերաբերող պատրվակները որպես նախապայման չօգտագործելու դեպքում»։

«Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ծրագրում ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի ազգային շահերի գերակայության գաղափարի վրա և ուղղված լինի հարևան երկրների, հատկապես Վրաստանի ու Իրանի հետ, բարեկամական, փոխշահավետ և կայուն հարաբերությունների հաստատմանն ու պահպանմանը: Նշվում է, որ «այս հարաբերությունները պետք է նաև հնարավորինս զերծ մնան աշխարհաքաղաքական կենտրոնների պայքարից ու հակասություններից»։ Կուսակցությունը Հայաստանի անվտանգության կարևոր երաշխիքներից մեկն է համարում նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը՝ շեշտելով, որ «գործընթացը պետք է ներառի Թուրքիայի կառավարությանը փախհատուցման պահանջ ներկայացնելը»:

«Մենք»դաշինքը կարևորում է Իրան-Հայաստան բարիդրացիական և ռազմավարական հարաբերությունների զարգացումը՝ Իրանը համարելով Հայաստանի ռազմաքաղաքական և առևտրատնտեսական առանցքային գործընկեր: Դաշինքի նախընտրական ծրագրում ընդգծվում է նաև Վրաստանի հետ ռազմավարական հարաբերությունների խորացման և ընդլայնման կարևորությունը:Շեշտվում է, որ «Վրաստանն իր աշխարհագրական, քաղաքակրթական կողմնորոշվածության ու հաղորդակցական առումներով Հայաստանը Եվրոպային կապող ռազմավարական նշանակության երկիր է, որի հետ հարաբերությունները պետք է էլ ավելի բարձր և փոխվստահելի մակարդակի հասցնել»։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա դաշինքի նախընտրական ծրագրում նշվում է, որ «Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները, այդ թվում՝ Հայաստան-Թուրքիա պետական սահմանի բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ենթակա չեն որևէ նախապայմանի, իսկ հայ-թուրքական լիակատար հաշտեցումը չի կարող արդյունք տալ պատմական իրողությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության անժխտելի փաստի հերքման կամ միջազգային ճանաչումն արգելափակելու դեպքում»: Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ երկու երկրների հասարակությունների միջև փոխադարձ շփումներին և անկաշկանդ երկխոսությանն ուղղված միջազգային հանրության միջնորդական ջանքերն ու ծրագրերը ենթակա են խրախուսման՝ «անկախ Թուրքիայի իշխանությունների նախապայմանային ու կարծր դիրքորոշումից»։

ՕԵԿ-ը կարևորում է «Իրանի և Վրաստանի հետ համակողմանի հարաբերությունները և տարածաշրջանային զարգացման շրջանակներում շարունակական համագործակցությունը»: Շեշտվում է նաև տարածաշրջանային խոշոր ծրագրերին մասնակցելու կարևորությունը՝ նշելով, որ պետությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի՝ միջազգային ֆինանսական կառույցներից, շահագրգիռ պետություններից ֆինանսական միջոցների ներգրավման համար՝ կառուցելու Իրան-Հայաստան-Վրաստան նավթամուղը, Իրան-Հայաստան-Վրաստան գազամուղը, Հայաստան-Իրան ջրատարը, Իրան-Հայաստան երկաթգիծը, ինչպես նաև Հայաստանում ժամանակակից նավթագործարան: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նշվում է, որ այդ երկրի հետ պետք է հաստատել դիվանագիտական հարաբերություններ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում անդրադարձել է միայն Թուրքիայի հետ հարաբերություններին՝ հանդես գալով Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերությունների հաստատման օգտին՝ առանց նախապայմանների առաջադրման: Շեշտվում է նաև, որ «կուսակցությունը հետևողականորեն հանդես է գալիս Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղեգծի շարունակականության օգտին»:

Ամփոփելով՝ պետք է նշել, որ ՀՀ քաղաքական ուժերի հիմնական մասն իրենց նախընտրական ծրագրերում անդրադարձել են Իրանի և Վրաստանի հետ ՀՀ հարաբերություններին: Հատկանշական է, որ բոլոր այդ քաղաքական ուժերի մոտ ընդգծված է այն թեզը, որ երկու հարևան երկրների հետ պետք է պահպանել բարիդրացիական և գործընկերային հարաբերություններ, ինչպես նաև ընդլայնել առկա փոխգործակցությունը: Թուրքիայի հետ հարաբերություններին ևս որոշ քաղաքական ուժեր անդրադարձել են իրենց նախընտրական ծրագրերում՝ արտահայտելով այն հիմնական տեսակետը, որ այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը պետք է դիտարկել միայն առանց նախապայմանների առաջադրման: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, ապա թեմային անդրադարձած 4 քաղաքական ուժերը շեշտում են, որ պետք է առավել մեծ ջանքեր գործադրել Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման համար:

Գրետա Ավետիսյան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում