Փախստականների «քարավան». դեմ թե՞ կողմ Թրամփին

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հերթական փախստականների քարավանն է պատրաստվում ներխուժել ԱՄՆ»: Այսպես մեկնաբանեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ամերիկյան երազանքի» հետևից ուղևորվող փախստականների քարավանը:

Նշենք, որ «քարավանը« սկսել է շարժվել Հոնդուրասի Սան Պեդրո Սուլա քաղաքից հոկտեմբերի 12-ին: Իրականում նախաձեռնությունը մեկնարկել էր դեռևս հոկտեմբերի սկզբին սոցիալական ցանցերում: Արդեն հոկտեմբերի 12-ին նախաձեռնությանը միացել էր 160 մարդ: ՄԱԿ-ի տվյալներով ներկայումս «քարավանի» մասնակիցների թիվը հասնում է 7000-ի, որոնցից 2300-ը երեխաներ են: Սկսելով Հոնդուրասից՝ մարդկանց «քարավանն» անցել է Գվատեմալայով, Սալվադորով ՝ ուղևորվելով դեպի Մեքսիկա-ԱՄՆ սահման: Համաձայն ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի տվյալների՝ մոտ 1500 մարդ արդեն իսկ ապաստան է հայցել Մեքսիկայում: Մեքսիկայի կառավարությունը հայտարարել է, որ նրանց տրամադրելու է ժամանակավոր բնակության և աշխատանքի իրավունք, բժշկական օգնություն, փախստական երեխաներին հնարավորություն է տալու ուսանել դպրոցներում, ինչպես նաև բոլոր փախստականների համար ապահովելու է կացարան տեղի հյուրատներում: Ներկայումս քարավանը գտնվում է Մեքսիկայի Խուչիտան դե Զարագոսա քաղաքի մոտակայքում, և մոտ 2 շաբաթից այն կհասնի ԱՄՆ սահմանին:

Հոնդուրասում բնակչության բողոքները հատկապես սրվեցին, երբ՝ 2017թ. նոյեմբերին 26-ին կայացած ընտրությունների արդյունքում, Հոնդուրասի նախագահ Խուան Օրլանդոն վերընտրվեց: Ընտրություններին հաջորդեցին ցույցեր, որի ընթացքում եղան բախումներ և սպանվեց ավելի քան 30 մարդ: Հետաքրքրական է, որ պահպանողական հայացքների տեր Խուան Օրլանդոն վայելում է ԱՄՆ աջակցությունը և իր առաջին պաշտոնավարման ժամկետում ակտիվ համագործակցել է ԱՄՆ-ի հետ տարբեր հարցերում, որոնց շարքում էր, օրինակ, ԱՄՆ փախստականների հոսքի կանխումը:

«Քարավանի» պարագայում էլ Թրամփը պահանջել էր Հոնդուրասի նախագահից կանգնեցնել այն, սակայն միայն այն ժամանակ, երբ նրանք արդեն հասել էին Գվատեմալա, և պարզ չէր, թե Հոնդուրասի նախագահն ինչպես էր դա անելու: Իր թվիթերյան գրառումներից մեկում ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ պատրաստվում է կրճատել Հոնդուրասին, Գվատեմալային և Սալվադորին տրվող ֆինանսական օգնությունը, քանի որ նրանց չհաջողվեց կանգնեցնել «քարավանը»:

Անդրադառնալով «քարավանի» դեմ ԱՄՆ հնարավոր քայլերին՝ ԱՄՆ նախագահը հոկտեմբերի 29-ին հայտարարեց, որ ԱՄՆ-ը 5,200 հոգանոց զորք կուղարկի Մեքսիկայի հետ սահման՝ կանխելու փախստականների մուտքն ԱՄՆ: Երկու օր հետո ԱՄՆ նախագահը հանդես եկավ զորքերի քանակի վերաբերյալ մեկ այլ հայտարարությամբ՝ նշելով, որ այն կհասնի 15000-ի: Ի հավելումն, ԱՄՆ նախագահը խոստացավ սահմանին կառուցել «վրանների քաղաք», ինչպես ինքն անվանեց «շատ գեղեցիկ վրաններ», որտեղ փախստականները կբնակվեն, մինչ նրանց ապաստան ստանալու հայտերը կուսումնասիրվեն ամերիկյան դատարանի կողմից՝ գործընթաց, որ կարող է տևել տարիներ:

ԱՄՆ ընտրությունների նախաշեմին ընդդիմադիր դեմոկրատները «լռում են» այն մասին, թե ԱՄՆ-ն ինչպես պետք է արձագանքի փախստականների «քարավանին»՝ փոխարենը մեղադրելով Դոնալդ Թրամփին ընտրությունների նախաշեմին այս խնդրից քաղաքական դիվիդենտներ քաղելու համար: Վերջերս, օրինակ, նման հայտարարությամբ էր հանդես եկել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ փախստականների «քարավանը» շարժվում է դեպի Մեքսիկա-ԱՄՆ սահման: 2018 թվականի մարտի 25-ին 700 հոգանոց փախստականների մեկ այլ հոսք (մարդկանց 70 տոկոսը՝ կրկին Հոնդուրասից) Մեքսիկայի Տապաչուլա քաղաքից շարժվել էր դեպի ԱՄՆ սահման: Փախստականների թիվը հասել էր մոտ 1200, երբ նրանք մոտեցել էին ԱՄՆ սահմանին: Նույն թվականի ապրիլին ԱՄՆ-ը քրեական գործ հարուցեց այդ խմբից 11 փախստականների նկատմամբ, ովքեր ապօրինի հատել էին ԱՄՆ սահմանը: Փախստականների մեծ մասն ապաստան ստացավ ԱՄՆ-ին սահմանակից Մեքսիկայի Տիխուանա քաղաքի փախստականների ճամբարում: 2017-2018թթ. ընթացում այնտեղ գտնվող փախստականների թիվը 5167-ից հասել է 12340-ի:

Դժվար է ասել, թե փախստականների հերթական այս հոսքը որքան նոր խնդիրներ կստեղծի Թրամփի վարչակազմի համար, սակայն միանշանակ է այն, որ առ այսօր Թրամփի թիմին հաջողվել է դրանից քաղել առավելագույն դիվիդենտներ: Հիմք ընդունելով Հոնդուրասի, Գվատեմալայի և Սալվադորի իշխանությունների անկարողությունը կանգնեցնել փախստականների հոսքը՝ Թրամփը հայտարարեց նրանց տրվող ֆինանսական աջակցությունը կրճատելու մասին: Նման քայլը համապատասխանում է Թրամփի արտաքին քաղաքական նոր ռազմավարությանը՝ այն է հնարավորինս կրճատել արտաքին աջակցության չափերը:

Բացի այդ, Թրամփն առ այսօր կարողացել է հաջողությամբ օգտագործել ԱՄՆ-ն ապօրինի միգրանտներից պաշտպանելու թեզը (իր աջակիցներին համախմբելով արտաքին սպառնալիքին դիմագրավելու հարցում) նոյեմբերի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների նախընտրական պայքարի շրջանակներում: Ընտրություններում ԱՄՆ նախագահը նպատակ է հետապնդում համալրել Կոնգրեսի հանրապետականների շարքում իր աջակիցների թիվը, ինչպես նաև պահպանել հանրապետականների մեծամասնությունն ԱՄՆ օրենսդիր մարմնում:

Լիանա Հովհաննիսյան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում