Սպառնում են արդյոք Կոնգրեսի ընտրությունները Թրամփին

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում ակտիվ ընթանում է նոյեմբերի 6-ին նախատեսվող Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Քարոզարշավում ակտիվ ներգրաված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով բացահայտ հայտարարում է, որ թեպետ իր անունը չկա ընտրական ցուցակներում՝ ընտրելով հանրապետականներին, ընտրողներն իրենց ձայնը տալիս են իրեն: Ստորև փորձենք ներկայացնել թե ինչո՞ւ են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները կարևոր ԱՄՆ նախագահի համար և որո՞նք են այն մարտահրավերները, որոնց Թրամփը կարող է բախվել հանրապետականների հնարավոր պարտության պարագայում:

Մինչ վերոնշյալ հարցադրումներին անդրադառնալը նշենք, որ ներկայումս ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում էլ մեծամասնություն են կազմում հանրապետականները (100 տեղից՝ 51 տեղ Սենատում և 435-ից՝ 235 Ներկայացուցիչների պալատում): Հաջորդ ամսին սպասվող միջանկյալ ընտրություններին քվեարկություն է լինելու Սենատի 35 և Ներկայացուցիչների պալատի բոլոր՝ 435 տեղերի համար: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմելու համար կուսակցություններին անհրաժեշտ է առնվազն 218 մանդատ, իսկ Սենատում մեծամասնության համար հանրապետականներին հարկավոր է 9, իսկ դեմոկրատներին՝ 28 մանդատ:

Ինչ վերաբերում է Դոնալդ Թրամփի համար Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների կարևորությանը, նախևառաջ, պետք է փաստենք, որ սա նրա համար լավ հնարավորություն է՝ հանրապետական կոնգրեսականների շարքերը համալրելու իր աջակիցներով: Դոնալդ Թրամփի՝ նախագահ ընտրվելուց ի վեր, որոշակի տարաձայնություններ են նկատվել Թրամփի և որոշ հանրապետականների միջև, ինչը հաճախ անհնար է դարձրել տարբեր հարցերի վերաբերյալ Կոնգրեսի աջակցություն ստանալը: Հաշվի առնելով այն փաստը, որ 2018-ից հետո Կոնգրեսի հաջորդ ընտրությունները տեղի են ունենալու արդեն 2020 թվականին, Կոնգրեսում մեծացնելով իր աջակիցների թիվը՝ ԱՄՆ նախագահը ստանում է երկու տարի ժամանակ՝ առաջ տանելու իր համար կարևոր օրակարգային հարցեր:

Այնուամենայնիվ, հետաքրքրական է նշել, որ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախկին փորձը ցույց է տվել, որ հաճախ ԱՄՆ նախագահի կուսակցությունը պարտություն է կրում ընտրություններում: 1862 թվականի քաղաքացիական պատերազմից ի վեր անցկացված Կոնգրեսի 39 միջանկյալ ընտրություններից 36-ի պարագայում այդ պահին գործող նախագահի կուսակցությունը պարտվել է: Եվ որքան ցածր է նախագահի վարկանիշը, այնքան բարձր է նրա կուսակցության պարտության հավանականությունը: Օրինակ, Gullup–ի տվյալների համաձայն՝ ԱՄՆ դեմոկրատ նախկին նախագահ Բարաք Օբամայի նախագահության առաջին շրջանի ժամանակ նրա վստահության քվեն 45 տոկոս էր (Դոնալդ Թրամփի միջին վարկանիշը՝ 39 տոկոս է), և 2010 թվականի նոյեմբերի 2-ին միջանկյալ ընտրությունների արդյունքում հանրապետականները մեծամասնություն ստացան թե՛ Ներկայացուցիչների պալատում, թե՛ Սենատում:

Հոկտեմբերի 17-ին իրականացված վերջին հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ դեմոկրատների և հանրապետականների միջև բավական հավասար պայքար է ընթանում, քանի որ նրանց աջակիցների թիվը գրեթե չի տարբերվում: Մասնավորապես Rasmussen Report-ի կողմից հոկտեմբերի 17-ին հրապարակված հարցման արդյունքները փաստում են, որ հարցվածների 44 տոկոսն աջակցում է հանրապետականներին, իսկ 45 տոկոսը՝ դեմոկրատներին: Նշենք, որ Rasmussen Report-ը մայիս ամսից շաբաթական կտրվածքով իրականացնում է հարցումներ 2500 մարդու շրջանում, և այդ ողջ ընթացքում հանրապետականները հիմնականում զիջել են դեմոկրատներին: Միայն վերջին շաբաթների հարցումների արդյունքում են կուսակցությունների աջակիցների ձայները գրեթե հավասարվել:

Անդրադառնալով մարտահրավերներին՝ նշենք, որ հանրապետականների հնարավոր պարտության պարագայում Թրամփի համար գրեթե անհնար կդառնա ստանալ Կոնգրեսի հավանությունն իր համար կարևոր օրակարգային հարցերի հետ կապված: Օրինակ, եթե ներկայումս Սենատում հանրապետականները կարողանում են ձայների պարզ մեծամասնությամբ հաստատել Թրամփի տարբեր նշանակումները (Գերագույն դատարանի դատավորներ, նախարաներ և այլն), ապա դեմոկրատների մեծամասնության պարագայում դա այլևս հնարավոր չի լինի: Բացի այդ, Թրամփի համար գրեթե անհնար կդառնա հաջողության հասնել իր համար կարևոր այնպիսի հարցերում, ինչպես օրինակ՝ հարկերի հետագա կրճատումը, միգրանտների թվի և այլ երկների հետ առևտրային սահմանափակումները և այլն:

Հատկանշական է, որ հանրապետականների ձախողման դեպքում Դոնալդ Թրամփը կարող է բախվել Կոնգրեսի կողմից նրա իմփիչմենթի նախաձեռնության: ԱՄՆ-ում իմփիչմենթի հնարավորություն է տրվում Ներկայացուցիչների պալատին՝ ձայների մեծամասնությամբ: Ներկայացուցիչների պալատի կողմից իմփիչմենթի հաստատման պարագայում, հարցը քննարկվում է Սենատի կողմից, և եթե Սենատը ևս հաստատում է ձայների երկու-երրորդով, նախագահը հեռացվում է իր պաշտոնից:

Ամփոփելով կարող ենք փաստել, որ, թեպետ, դեմոկրատներն ունեն մեծ հավանականություն նոյեմբերին նախատեսվող ընտրությունների արդյունքում ստանալ մեծամասնություն Ներկայացուցիչների պալատում, ԱՄՆ ընտրական գործընթացների նախկին փորձը ցույց է տվել, որ հաճախ անգամ ամենահավաստի համարվող հարցման արդյունքները կարող են չհամընկնել ընտրությունների իրական արդյունքների հետ: Նման երևույթի ականատես եղանք ԱՄՆ վերջին նախագահական ընտրությունների արդյունքում, երբ, ի հակադրություն բոլոր կանխատեսումների և հարցումների, Դոնալդ Թրամփն ընտրվեց ԱՄՆ նախագահ:

Լիանա Հովհաննիսյան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում