Լրագրողի սպանությունը լուրջ գլխացավանք է դառնում Սաուդյան Արաբիայի համար

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նախորդ շաբաթ հրատապ առաքելությամբ մեկնեց Սաուդյան Արաբիա և Թուրքիա՝ պարզելու Washington Post թերթի թղթակից, արմատներով թուրք սաուդցի լրագրող Ջամալ Խաշոկջիի անհետացումը: Լրագրողը, ով հայտնի էր Սաուդյան Արաբիայի իշխանությունների դեմ քննադատությամբ, հոկտեմբերի 2-ին անհետացել էր Ստամբուլում թագավորության հյուպատոսություն մտնելուց հետո: Տեսախցիկների արձանագրությունները վերծանելուց հետո պարզվել էր, որ լրագրողը հյուպատոսարանից դուրս չի եկել, իսկ թուրք բարձրաստիճան անանուն պաշտոնյաներն ավելի ուշ հայտարարել էին, որ Խաշոկջին դաժանաբար սպանվել է Սաուդյան Արաբիայից ժամանած 15 հատուկ ծառայողների կողմից, որոնք, ըստ New York Times կայքի, կապված են սաուդյան գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի հետ: Կասկածյալներից մեկը՝ Մաշալ Սաադ Ալ-Բոստանին, հայրենիք վերադառնալուց հետո մահացել է Էր-Ռիադում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով: Հոկտեմբերի 19-ին Սաուդյան Արաբիան պաշտոնապես ընդունեց, որ լրագրողը մահացել է հյուպատոսությունում տեղի ունեցած քաշքշուկի պատճառով, սակայն ըստ սաուդցի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Խաշոկջիին պարզապես խեղդել են:

Խաշոկջիի սպանությունը լարված է պահում ԱՄՆ-Սաուդյան Արաբիա հարաբերությունները, որոնք, ինչպես Պոմպեոյի հանդիպման ժամանակ բնութագրել էր արքայազն Մուհամմեդ բին Սալմանը, «շատ ամուր են և հին»: Չնայած Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցներից է Մերձավոր Արևելքում՝ հատկապես Իրանի դեմ վարվող քաղաքականության ոլորտում, երկու երկրները փոխադարձ տնտեսական շահեր ունեն առևտրի, սպառազինության և էներգակիրների վաճառքի բնագավառում, այդուհանդերձ ամերիկացի օրենսդիրները կոշտ դիրքորոշում են որդեգրել՝ Թրամփին կոչ անելով պատժամիջոցներ կիրառել թագավորության դեմ: Ըստ ԱՄՆ նախագահի՝ թեև պատժամիջոցները հնարավոր տարբերակ են, բայց զենքի մատակարարման դադարեցումը ավելի շատ կվնասի ԱՄՆ-ին, քան թագավորությանը:

Խաշոկջիի գործը բացահայտելու փաստով շահագրգիռ էր նաև Թուրքիան: Թուրքական լրատվամիջոցների ձեռքում հայտնված ձայնագրություններից, որոնք, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Խաշոկջին արել էր Apple ժամացույցի միջոցով, պարզ էր դարձել, որ լրագրողը դաժանաբար սպանվել է, նրա մարմինը՝ մասնատվել: Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը խոստացել է լրագրողի սպանության շուրջ բացահայտումներ անել հոկտեմբերի 23-ին Միլլի մեջլիսում (խորհրդարանում):

Washington Post-ի լրագրողի սպանությունը բացասական հետևանքներ է թողել թագավորության հեղինակության վրա. հոկտեմբերի 23-25-ը Էր-Ռիադում կայանալիք Future Investment Initiative համաժողովին մասնակցելուց հրաժարվել են ԱՄՀ-ի ղեկավար Քրիստին Լագարդը, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Նիդերլանդների ֆինանսների նախարարները, Մեծ Բրիտանիայի միջազգային առևտրի նախարարը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հեղինակավոր մի շարք կազմակերպություններ, բանկեր և լրատվամիջոցներ: Եվրոպացի և ամերիկացի ներդրողներն իրենց միջոցները դուրս են հանել Սաուդյան Արաբիայի ֆոնդային շուկայից, իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ կկասեցնի զենքի մատակարարումը Սաուդյան Արաբիային, մինչև չպարզվի Խաշոկջիի սպանության մանրամասները: Սաուդյան Արաբիայից պաշտոնական ու մանրամասն բացատրություն են պահանջում նաև Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Կանադան:

Հարկ է նշել, որ Խաշոկջին Սաուդյան Արաբիայից հեռացել է 2017թ, երբ թագավորությունում ձերբակալեցին նրա մերձավորներին: Լրագրողը վերջին տարիներին բազմիցս քննադատել էր Սաուդյան Արաբիայի թագավորին և հատկապես գահաժառանգ Մուհամեդ բին Սալմանին՝ պայմանավորված Սաուդյան Արաբիայի կողմից Կանադայի և Կատարի նկատմամբ վարվող քաղաքականությամբ, Եմենի պատերազմով և այլն: Նա իր լրագրողական կարիերայի սկզբում մոտ էր «Ալ-Կաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ուսամա բեն Լադենի հետ:

Արմինե Բեյբության

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում