Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետը մի շարք հանդիպումներ է ունեցել

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում այսօր հանդիպումներ է ունեցել Շվեյցարիայի նախագահ Ալան Բերսեի, Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի, Կանադայի Քվեբեկ նահանգի ընտրված վարչապետ Ֆրանսուա Լեգոյի և Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆան Բին Մինի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում նշված պաշտոնյաների այցը Հայաստան և մասնակցությունը գագաթնաժողովի աշխատանքներին:

Շվեյցարիայի նախագահը, Էստոնիայի նախագահը, Քվեբեկի ընտրված վարչապետը և Վիետնամի փոխվարչապետը շնորհավորել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ֆրանկոֆոն երկրների համար այս կարևոր գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու առիթով և ընդգծել, որ տպավորված են միջոցառումների կազմակերպվածությամբ և քննարկումների ընթացքով:

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայի նախագահ Ալան Բերսեի հետ քննարկել է երկկողմ փոխգործակցությանն ուղղված տարբեր հարցեր: Մասնավորապես, զրուցակիցները կարևորել են երկկողմ տնտեսական կապերի խորացումն ու ընդլայնումը, այդ թվում` համատեղ ներդրումային ծրագրերի իրականացումը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Շվեյցարիայի հետ տնտեսական համագործակցությունը այժմ կենտրոնացած է հանքարդյունաբերական ճյուղի վրա և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է փոխգործակցության դիվերսիֆիկացմամբ և տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմամբ: Վարչապետը կարևորել է նաև համայնքային հանրաքվեների կազմակերպման ուղղությամբ շվեյցարական կողմի հետ փորձի փոխանակումը:

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների խորացման հեռանկարները: Հայաստանի վարչապետը, մասնավորապես, հետաքրքրական է համարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործակցության զարգացումը և փորձի փոխանակումը: Նիկոլ Փաշինյանի խոսքով` ՀՀ կառավարությունը հետևողական աշխատանքներ է իրականացնում կառավարման ոլորտում թվային տեխնոլոգիաների և էլեկտրոնային համակարգերի շարունակական ներդրման ուղղությամբ, և այս առումով Էստոնիայի կուտակած փորձի ուսումնասիրությունը կարող է օգտակար լինել:

Կերստի Կալյուլայդը նշել է, որ Էստոնիան կարևորում է Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, այդ թվում` նաև ՏՏ ոլորտում համագործակցության ընդլայնումը և պատրաստ է ակտիվ աշխատել այդ ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, ինչպես նաև ժողովրդավարության զարգացման հարցերի շուրջ: Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով մեր երկրում տեղի ունեցող փոփոխություններին, նշել է, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այն ներքին քաղաքական կողմնորոշում է, և կատարվող արմատական բարեփոխումները նպատակաուղղված են ժողովրդավարության նոր մակարդակի հասնելուն և այդ առումով օրինակելի երկիր դառնալուն:

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քվեբեկի ընտրված վարչապետ Ֆրանսուա Լեգոյի հետ հանդիպման ժամանակ քննարկել է երկկողմ տնտեսական գործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը, անդրադառնալով մեր երկրում գործարարությամբ զբաղվելու պայմաններին, նշել է, որ Հայաստանում բիզնես միջավայրը գնալով բարեփոխվում է` դառնալով ավելի բարենպաստ ներդրումների համար, քան առաջ, և հայկական կողմը հետաքրքրված է օտարերկրյա ներդրումների ներգրավմամբ: Իր հերթին Քվեբեկի ընտրված վարչապետը հետաքրքրություն է հայտնել զարգացնելու փոխադարձ տնտեսական համագործակցությունը: Վարչապետ Փաշինյանը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, գինեգործության, կոնյակագործության ոլորտներում փոխգործակցության զարգացումը:

Երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստում զրուցակիցները կարևորել են հումանիտար կապերի ամրապնդումը: Այս առումով Ֆրանսուա Լեգոն բարձր է գնահատել Մոնրեալի հայ համայնքի ակտիվ դերակատարությունը և կարևոր ներդրումը Քվեբեկի հասարակական-քաղաքական կյանքում:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում Քվեբեկի հաստատակամ և սկզբունքային դիրքորոշման և այդ նպատակով մի շարք բանաձևերի ընդունման համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆան Բին Մինի հետ քննարկել է հայ-վիետնամական հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Կողմերն անհրաժեշտ են համարել տնտեսության ոլորտում փոխգործակցությանը նոր թափ հաղորդելը և համոզմունք հայտնել, որ առկա է մեծ ներուժ: Զրուցակիցները նշել են, որ առևտրատնտեսական ծավալների ավելացմանը մեծապես կնպաստի գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, մեքենաշինության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկու երկրների միջև հետևողական քայլերի իրականացումը: Երկուստեք հեռանկարային է համարվել համագործակցությունը նաև առողջապահության ոլորտում, այդ թվում` համատեղ կրթական փոխանակության ծրագրերի իրականացումը:

Հայաստանի վարչապետը և Վիետնամի փոխվարչապետն ընդգծել են դիվանագիտական կապերի զարգացման և բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման կարևորությունը:

Հայերեն العربية English Français Русский

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին

MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը