Մշակույթ

Հոգելույս Շառլ Ազնավուրը մեզ թողեց իր վառ կերպարը, հիասքանչ երգերը, սերն ու բարությունը. Գարեգին Բ կաթողիկոս

2 րոպեի ընթերցում

Հոգելույս Շառլ Ազնավուրը մեզ թողեց իր վառ կերպարը, հիասքանչ երգերը, սերն ու բարությունը. Գարեգին Բ կաթողիկոս

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցություն է հայտնել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ամենայն Հայոց կաթողիկոսը «Ֆեյսբուք»-ի իր էջում նշել է. «Ցավ էր Մեզ համար լսել մեր ժողովրդի մեծանուն և տաղանդաշատ զավակ Շառլ Ազնավուրի մահվան լուրը:

Վշտալի է կորուստը արժանավոր հայորդու, ով հարազատ ժողովրդի փառքն ու պատիվը հավելեց ու պայծառացրեց իր հռչակով, շնորհներով, բարձր արվեստով և աշխարհի տարբեր երկրների հայտնի բեմերում հնչեցրած իր անզուգական կատարումներով:

Այսօր մխիթարությամբ ենք անդրադառնում, որ բարեհիշատակ Շառլ Ազնավուրը հոգով ու սրտով միշտ եղել է Հայաստանի հետ, հպարտացել իր ազգային ինքնությամբ: Մեր ժողովրդին պատուհասած աղետալի երկրաշարժի օրերին Ազնավուրը երգեց ժողովրդի ցավը շատ հայտնի երգիչների հետ, իր բոլորանվեր ջանքերը բերեց Հայաստանի օգնության համար: Նրա հանրահայտ երգերի շարքում են նաև Հայաստանին, Ցեղասպանության սուրբ նահատակներին նվիրված ստեղծագործությունները, որոնք վերստին բացահայտում են մեծանուն հայորդու հայրենասեր ու ազգանվեր ոգին:

Շառլ Ազնավուրի մահը կորուստ է ողջ աշխարհի համար, քանզի նա իր համաշխարհային ճանաչումով ու արժեքով նաև ողջ մարդկության զավակն է, որին գիտեն, սիրում են և ում համար այսօր աղոթում են ամենուր: Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված մեծանուն հայորդու հոգու հանգստության համար:

Հոգելույս Շառլ Ազնավուրը մեզ թողեց իր վառ կերպարը, հիասքանչ երգերը, սերն ու բարությունը և երկրավոր ճանապարհը ավարտելով՝ շարունակում է իր ընթացքը դեպի հավերժություն և հավիտենական կյանք»:

Հոկտեմբերի 1-ին 94 տարեկան հասակում կյանքից հեռացել էմեծանունֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում