Պարտության հետ չհաշտվողը կամ հիշողություններ Շառլ Ազնավուրի վերջին երևանյան համերգից

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։

«Երբեքչեմսիրելպարտվել:Երբեքչեմկարողացելհաշտվելպարտությանհետ»:

Շառլ Ազնավուր

Նրա կյանքը պարտությունների նկատմամբ տարած բացառիկ հաղթանակների մի իսկական ամբողջություն էր: Նա աշխարհին ու առաջին հերթին ինքն իրեն ապացուցեց՝ մեծ ցանկության ու բացառիկ տաղանդի դեպքում հնարավոր է անգամ սարեր շուռ տալ:

Շառլ Ազնավուրը ցանկություն ուներ հանդես գալ իր 100-ամյակին: Բայց…չհասցրեց: Կարիերան ավարտելու մտադրություն չուներ: Ամենաշատը վախենում էր տանը՝ բազկաթոռին նստած մահանալուց: Ու մինչև իր վերջին շունչը երգեց՝ այդպես էլ չավարտելով համերգային գործունեությունն ի հեճուկս բոլոր այն թերթերի, որոնք գրում էին. «Ազնավուրը թոշակի գնալու մտադրություն չունի»։

Տանը հին մագնիտոֆոն ունեինք: Առաջին անգամ հենց այդ սարքով լսեցի Ազնավուրի ձայնը: 11 կամ 12 տարեկան էի: Հերթով, իրար հետևից հնչում էին նրա արդեն դասական դարձած երգերը. La Bohème-ը, She-ն, For me … Formidable-ն ու մյուսները: Միշտ սիրել եմ նրա երգերը, որովհետև կարծում եմ, որ առաջին իսկ նոտայից անկեղծությունն ակներև է: Ազնավուրը զգում է, թե ինչի մասին է ստեղծագործում: Ազնավուրը ստեղծագործում է այն ամենի մասին, ինչ տեսել է, զգացել, լսել: Պարզ՝ բայց ոչ պարզունակ, յուրահատուկ ու ինքնատիպ: Կարճ ասած՝ հանճարեղ: Երգեր, որոնց հնչյունների ներքո սերունդներ են մեծացել: Երգեր, որոնց հնչյունների ներքո մարդիկ սեր են խոստովանել, արարել, ապրել…

«Արմենպրես»-ում աշխատելու առաջին իսկ օրվանից երազել եմ նրա հետ հարցազրույց անել ու երկար եմ պայքարել բաղձալի նյութի համար:

Առաջին անգամ նրան հանդիպեցի 2015 թ. ապրիլի 23-ին: Երկընտրանքի առաջ էի: Այդ օրը նույն ժամին համերգով պետք է հանդես գար System of a Down խումբը: Նույն ժամին «Զվարթնոց» օդանավակայան էր ժամանում լեգենդար Շառլ Ազնավուրը:

Ի՞նչ անել: Գնա՞լ SOAD-ի համերգին, թե՞ օդանավակայան՝ դիմավորելու ու մի քանի վայրկյանով տեսնելու լեգենդին: Հարցազրույցի հույս անգամ չկա…Բայց փորձել էր պետք, ու գնացի օդանավակայան:

Ազնավուրին օդանավակայանի սրահում տեսնելուն պես հիշեցի նրա խոսքերը. «Որո՞նք են իմ պակասությունները: Ձայնս, հասակս, շարժումներս և կրթության ու կուլտուրայի պակասը, ճշմարտախոսությունս, անհատականությանս պակասը: Ձայնս փոխելն անհնար է: Բժիշկները, որոնց դիմում եմ, միաբերան համոզում են, որ երգելուց ձեռք քաշեմ: Բայց ես պիտի երգեմ, թեկուզ կոկորդս պատռվի: Հասակս, ինչ որ է, այն է` 1մ 64 սմ, նույնպես անհնար է ուղղել: Ռետինե հաստ ներբաններով կոշիկներ չեմ կարող հագնել: Միակ փորձը, որ արեցի մի քանի միլիմետր շահելու համար, խայտառակ վախճան ունեցավ: Միացյալ Նահանգների իմպրեսարիոները կարծում էին, որ երկու ոտքից էլ կաղ եմ:Մի լուծում կա միայն` եղածով յոլա գնալ ու մոռացնել տալ պակասությունը»:

Տարիներ անց կարճահասակ, «խռպոտ ձայնով հայը» կարողացավ նվաճել աշխարհն ու հաղթեց բոլոր նրանց, ովքեր փակում էին նրա առջև բազում դռներ: Զարմանալի է, բայց փաստ: Այս ամենը չխանգարեցին նրան համաշխարհային փառքի արժանանալ: Այդ ժամանակ այդպես էլ չստացվեց նրա հետ զրուցել, մի երկու բառ ասաց, ծաղիկներ նվեր ստացավ ու գնաց:

2015-ն անակնկալներով լի տարի էր: Հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց լեգենդի մենահամերգը: Բայց համերգից ժամեր առաջ Ազնավուրը ցանկություն է հայտնում այցելելու այն ժամանակ նոր բացված Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Թանգարան-ինստիտուտը մարդաշատ չէր, բայց լուրը, որ լեգենդը գալիս է, շաբաթ օրով համախմբել էր մշակութային օջախի բոլոր աշխատակիցներին: «Ազնավուրը, Ազնավուրն այստեղ է»: Ոգևորությանը չափ ու սահման չկա, բոլորի ձեռքերը դողում են, բոլորն իրարանցման մեջ են:

Շուրջ մեկ ժամ մեծանուն արտիստը շրջում է թանգարանի տարածքով, դիտում բոլոր ցուցանմուշները, ամեն տեղ կանգնում, հարցեր տալիս: Առաջին հարկում գտնվող Կոմիտասի դաշնամուրի կողքով անտարբեր չանցավ, մի պահ ակնածանքով նայեց, հուզվեց: Անցավ ստեղների վրայով, ինչ-որ եղանակ նվագեց:

Կոմիտասի քանդակները տեսնելով` Ազնավուրը նկատեց.«Երբ Հայաստանում առաջին համերգն ունեցա, ետնաբեմում ինձ մի քանդակագործ մոտեցավ. իմ քանդակն է արել: Պետք է Հայաստան ուղարկեմ այն»: Հետո սկսեց մտորել իր երևանյան թանգարան-կացարանը ցուցանմուշներով հարստացնելու վերաբերյալ ու ներկաներին պատմեց իր գաղափարների մասին: Մշակութային օջախին և ցուցանմուշներին ծանոթանալուց հետո լեգենդար երգիչը գրառում կատարեց թանգարան-ինստիտուտի հուշամատյանում.«Մենք երբեք լիովին չենք ճանաչում այն արվեստի գործերը, որոնցով հիանում ենք: Մեկ ժամ այս թանգարանում լինելը մեզ շատ բան սովորեցրեց և հարստացրեց մեզ»:

Թանգարանում շրջայցի ընթացքում զրուցեցինք Ազնավուրի որդու հետ: Ակներև էր այն պաշտամունքով լի հայացքը, որով Նիկոլա Ազնավուրը նայում էր հորը: Շատ չխոսեց, բայց անկեղծացավ՝ հպարտ է Ազնավուրի որդին լինելու համար: Ու ամբողջ շրջայցի ընթացքում հիացած հայացքով նայում էր հորը:

Համերգից առաջ կատարվեց անսպասելին: Թանգարանում շրջայցի ավարտին, այնուամենայնիվ, հաջողվեց մի քանի հարցի պատասխան ստանալ Շառլ Ազնավուրից: «Ես և իմ աշխատանքը ձուլվում ենք: Երբեք չեմ դադարում աշխատել. միգուցե արվեստագետի գաղտնիքը դրանում է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում, համերգից մի քանի րոպե առաջ նշեց լեգենդը:

Ու հետո նստեց իրեն ուղեկցող մեքենան, որը նրան տանելու էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ անմոռանալի համերգի: Այդ ժամանակ 91-ամյա լեգենդը կրկին ապացուցեց, որ լի է կյանքով, առույգ է ու անդառնալիորեն սիրահարված երաժշտությանն ու երգին: Իր ողջ կյանքը բեմում անցկացրած ու այդպես էլ թոշակի չգնացած Ազնավուրի վերջին համերգն էր հայրենիքում:

«Մեր լեզուն` հայերենը, ինձ համար ընտանեկան լեզու է: Ավելի դժվար է ստացվում, դրա համար եմ ֆրանսերեն խոսում: Ավելի հեշտ է ինձ համար: Չգիտեմ` հայերեն ո՞ր լեզվով կարող եմ խոսել. հո՞րս լեզվով, ով թիֆլիսցի է, մո՞րս լեզվով, ով ստամբուլցի է: Ֆրանսիայում միայն ֆրանսիացի են»,- համերգին նշեց Ազնավուրը:

2015-ից հետո Ազնավուրը կրկին եկավ Հայաստան, այդ թվում՝ ներկա գտնվեց «Ավրորա» մարդասիրական մրցանակի հանձնմանն ու «Բոհեմ» ներկայացման պրեմիերային: Նրան շատ մոտիկից տեսնել այլևս չհաջողվեց:

Ազնավուրը Հայաստանում համերգ այլևս չունեցավ, թեպետ ակնկալվում էր, որ ֆրանսիացի երգչուհի Զազի հայաստանյան համերգին, այս տարվա հոկտեմբերին թեկուզ և մեկ համար կկատարի: Ավա՜ղ, չհասցրեց: Չհասցրեց նաև իրականացնել իր երազանքը՝ հանդես գալ իր 100-ամյակին:

Ի վերջո, ո՞րն էր Շառլ Ազնավուրի ֆենոմենը: Բացառիկ տաղա՞նդը, բարձր ինտելե՞կտը, գեղեցիկ ու տարբերվող ձա՞յնը, անկեղծությո՞ւնը, պայքարելու ու հաղթելու յուրատեսակ ու՞ժը: Թե՞ ինչ-որ այլ բան։ Ամեն մեկն ունի իր կարծիքը: Բայց այդ առեղծվածն այդպես էլ առեղծված կմնա…

Ռոզա Գրիգորյան

Հայերեն

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը