Մշակույթ

Պառնասի հայոց թագուհին. Սիլվա Կապուտիկյանի 106-ամյակին մտավորականները ծաղիկներ խոնարհեցին բանաստեղծի շիրիմին

6 րոպեի ընթերցում

Պառնասի հայոց թագուհին. Սիլվա Կապուտիկյանի 106-ամյակին մտավորականները ծաղիկներ խոնարհեցին բանաստեղծի շիրիմին

Մեծանուն բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրը՝ հունվարի 20-ին, թե՛ նրա գործընկերները, թե՛ գրականության երկրպագուներն այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն և ծաղիկներ խոնարհեցին նրա շիրիմին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանն ասաց, որ բանաստեղծուհու ծնունդն աստեղային էր։ «Մեծ եղեռնից չորս տարի անց լույս աշխարհ եկավ Սիլվա Կապուտիկյանը, և սա մեծ բարեբախտություն էր հայ ազգի համար, որովհետև ծնվեց դարի, հազարամյակի մեծ կինը, մեծ բանաստեղծը, մեր Պառնասի հայոց թագուհին։ Սիլվա Կապուտիկյանն ի ծնե օժտված էր։ Ինչպես Սերո Խանզադյանն էր ասում՝ նա ի բնե մշտնջենավոր է, քանի որ նրա բարուրը համբուրել է Աստված։ Նա ասում էր, որ Կապուտիկյանը ոչ թե կայացավ, այլ արդեն կայացած ծնունդ էր։ Իսկապես այդպես է»,-նշեց Արմենուհի Դեմիրճյանը։

Տուն-թանգարանի տնօրենը հիշեցրեց, որ Կապուտիկյանն իր առաջին բանաստեղծությունը, որը կոչվում է «Պատասխան Թումանյանին», գրել է տասնչորս տարեկանում։ «Նա գրում էր, որ Ձեզ պես չենք ապրում, ավելի լավ ենք ապրում։ Տասնյոթ տարեկանում Կապուտիկյանը գրեց Գիքորին ուղղված բանաստեղծությունը։ Իրական կյանքի ապրումներն անցել էին նրա սրտով, և Կապուտիկյանը հասկացավ, որ Թումանյանի թախիծը նաև իր թախիծն է։ Սիլվա Կապուտիկյանն իսկապես մեծ էր և՛ բանաստեղծական ժանրում, և՛ արձակում։ Նա կարողացավ թողնել անուրանալի հետք և նրա ձևակերպումները դարձան հայ ժողովրդի սրտի գանձը։ Նրա «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը դարձավ «Հայր մեր»-ի պես երդումի արարողություն։ Եթե հայրենիքի բոլոր դպրոցներում այն անցնում են, ապա սփյուռքում մինչև չեն արտասանում, դպրոց չեն մտնում։ Այդպիսի համազգային երդում կարող էր տալ միայն Սիլվա Կապուտիկյանը»,-շեշտեց Արմենուհի Դեմիրճյանը։

Բանաստեղծի հարևանուհի Անահիտ Քերոբյանը, որ Կապուտիկյանի տուն-թանգարանում է աշխատում բացման օրից, նշեց՝ Կապուտիկյանը շատ սիրված է եղել, հարգված։ Եղել են հարևաններ, որոնք Կապուտիկյանին տեսնելիս նրան ընդառաջ են վազել բարևելու համար։ «Հիշում եմ՝ մի օր Կապուտիկյանը եկավ, հարևաններով ներքևում կանգնած էինք։ Ձեռքին ծաղիկներ էին։ Նա միշտ էր ծաղիկներով գալիս, սակայն այս անգամ առիթը հատուկ էր։ Ասաց. «Ես Երևանի պատվավոր քաղաքացի եմ։ Ի՞նչ եք ուրախանում։ Ես Երևանի պատվավոր քաղաքացի եմ, իսկ ի՞նչ է մյուսները պատվավոր քաղաքացիներ չե՞ն»։ Նա ուրիշ տեսակի մարդ էր, ցանկանում էր ասել, որ բոլոր քաղաքացիներն են պատվավոր»,-պատմեց Անահիտ Քերոբյանը։

«Արցախի ավագների խորհուրդ» ՀԿ-ի փոխնախագահ Աննա Այվազյանը փոքր տարիքում է հանդիպել բանաստեղծուհուն։ Կապուտիկյանին երկրորդ կնքամայր է համարում, քանի որ հենց բանաստեղծի հորդորով է հայրն իր անունը փոխել։ «Ծնունդով Ջավախքից եմ։ 1967-1968 թվականներին Կապուտիկյանն այցելել էր Ջավախք և շրջում էր հայկական դպրոցներում։ Երբ եկավ մեր գյուղ, որտեղ Էրզրումից գաղթածներն էին ապրում, երեկոյան այցելեց մեր տուն։ Հայրս, որ պատմության մասնագետ էր, ինձ խնդրեց Սայաթ-Նովա կատարել։ Երգեցի, ասմունքեցի, և տիկին Սիլվան հուզվեց։ Հորս դիտողություն արեց՝ ասելով, որ Ժաննայի փոխարեն պետք է անունս Աննա լինի, ինչպես Սայաթ-Նովայի Աննան»,-հիշեց Աննա Այվազյանը։

Հայրը հետևում է Կապուտիկյանի խորհրդին։ Երբ Աննան ավարտում է ութերորդ դասարանն ու տեղափոխվում Երևան, պատահաբար հանդիպում է Կապուտիկյանին։ Բանաստեղծուհին նրան հիշում է։ Ավելի ուշ նրանք հանդպում են Լեռնային Ղարաբաղում։ Աննա Այվազյանը Կապուտիկյանին մեծ բանաստեղծ ու մեծ մարդ է համարում։

Պանթեոն այցելած մտավորականները հետո այցելեցին Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան, որտեղ բանաստեղծի 106-ամյակի առթիվ բացվեց «Ժանյակը՝ Կարեն Եփփե վարժարանի հիշատակություն» խորագրով ցուցահանդեսը, որի հեղինակը վարժարանի սանուհի Թագուհի Մելքոնյանն է։

Արմենուհի Դեմիրճյանը տեղեկացրեց, որ Թագուհի Մելքոնյանը 96 տարեկան է։ «Նա այն որբերից է, որը սովորել է Կարեն Եփփե վարժարանում և յուրացրել է ժանեկագործության հմտությունները՝ կարողանալով ընտանիք պահել ու ժառանգություն թողնել։ Սիլվա Կապուտիկյանը մեծ կապ ուներ վարժարանի հետ, և երբ պատահաբար տեղեկացա Թագուհի Մելքոնյանի մասին, որ ապրում է ԱՄՆ-ում, ցանկացա, որ նրա ժանյակները բանաստեղծի ծննդյան օրը զարդարեն Կապուտիկյանի բնակարանը, քանի որ Կապուտիկյանի բանաստեղծությունները ժանեկային, հյուսածո գեղեցիկ են»,-ասաց նա։

Ցուցադրությանը հնարավոր է ծանոթանալ Մելքոնյանի վեց յուրատիպ աշխատանքի։ Որպեսզի ցուցադրությունն ավելի հարուստ լինի, այն համալրվել է տուն-թանգարանում պահվող ժանյակներով, որոնք բերվել են Վանից։

Սիլվա Կապուտիկյանը ծնվել է 1919 թվականին Երևանում։ Նրա ընտանիքը գաղթել էր Վանից։ Սովորել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցում։ 13 տարեկանում գրել է իր առաջին բանաստեղծությունը, որը տպագրվել է «Պիոներ կանչ» թերթում։ Նրա հայրը՝ Բարունակ Կապուտիկյանը, ազգային գործիչ էր, խմբագիր:

1936-1941 թվականներին Կապուտիկյանը սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, 1950 թվականին՝ Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացներին է հաճախել։

Կապուտիկյանը շատ է գրել հայրենիքի, հայոց լեզվի, հայ ժողովրդի ճակատագրի մասին։ Եղել է սփյուռքի հայկական գաղթօջախներում և Խորհրդային Միության տարբեր երկրներում։ Կապուտիկյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների, կոչումների, շքանշանների։ Բանաստեղծը կյանքից հեռացել է 2006 թվականին: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում