Քաղաքականություն

Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ կանցկացվեն

2 րոպեի ընթերցում

Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 20-ի արտահերթ նիստում 2025 թվականի մարտի 30-ը նշանակել է որպես Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրության անցկացման օր:

ՀՀ կառավարությունը 2025 թվականի հունվարի 16-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին համապատասխան որոշում է ընդունել։ 

ԿԸՀ-ն հաստատել է նաև մարտի 30-ի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունից, ըստ ժամանակացույցի՝ նախընտրական քարոզչություն իրականացնելու համար կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին եթերաժամ տրամադրող հեռուստառադիոհեռարձակում իրականացնող մասնավոր հեռուստաընկերությունները և ռադիոընկերություններն իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքն իրենց եթերով հրապարակելու են
մինչև հունվարի 22-ը ներառյալ:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվող՝ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակների, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությունը արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները ԿԸՀ կարող են ներկայացնել մինչև հունվարի 27-ը։

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման ժամկետ է սահմանվել մարտի 5-ից մինչև  մարտի 10-ը,ժամը 18:00-ն։

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-ից 28-ը ներառյալ, մինչև 24:00-ն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում