Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի վթարային 10 և 10/1 շենքերի 57 ընտանիք վերաբնակեցվել է բնակարանների գնման վկայագրերի տրամադրման և առկա բնակարանային ֆոնդից բնակարանների տրամադրման միջոցով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանը։
«Նշված շենքերում մնացել են 5 ընտանիք, որոնք չեն համաձայնել մեր կողմից ներկայացված օրենքի պահանջներին և ներկայացրել են ոչ իրատեսական պահանջներ։ Բազմաթիվ հանդիպումների ու քննարկումների արդյունքում որևէ լուծում չգտնելու հետևանքով վերջիններիս տվյալները ներկայացվել են Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ՝ նշված տարածքը որպես իրացման գոտի ճանաչելու նպատակով»,-ասաց անշարժ գույքի կառավարման վարչության պետը։
Փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի այն հարցին, թե արդյոք ոչ մի ընդհանուր հայտարարի գալ հնարավոր չէ, Վահան Խաչատրյանը ընդգծեց՝ ոչ, բնակիչներն առաջարկում են այնպիսի կառուցվածք, որը համատեղելի չէ իրականացվելիք աշխատանքներին: