Մարզեր

Ներքին Գետաշենում բացվել է Արցախյան գոյամարտերում  զոհված հերոս հայորդիներին նվիրված հուշահամալիր

3 րոպեի ընթերցում

Ներքին Գետաշենում բացվել է Արցախյան գոյամարտերում  զոհված հերոս հայորդիներին նվիրված հուշահամալիր

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղում բացվել  և օրհնվել է Արցախյան գոյամարտերում զոհված հայորդիներին նվիրված հուշահամալիրը, որը կառուցվել է ներքինգետաշենցի բարերար Գագիկ Հովհաննիսյանի միջոցներով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ներքին Գետաշենի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը, հուշահամալիրի բացման արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Արմեն Մնացականյանը, ուժային այլ կառույցների ներկայացուցիչներ, Գեղարքունիքի մարզպետի և Մարտունու համայնքապետարանի աշխատակազմերի աշխատակիցներ, Արցախյան գոյամարտերի մասնակիցներ, զոհվածների ծնողները և հարազատները։

Հանդես գալով բացման խոսքով՝  Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Սյուզաննա Գալոյանն անուն առ անուն  ներկայացրել է Ներքին Գետաշենում ծնունդ ու հասակ առած այն հերոս տղաներին, ովքեր իրենց անունները փառքով են պսակել Արցախյան բոլոր գոյամարտերում ու հայրենի երկրի սահմանների պաշտպանության դիրքերում՝ կյանքի ու արյան գնով պաշտպանելով հայրենի երկրի ազատությունն ու ապրելու իրավունքը։

Հուշահամալիրի օրհնության կարգ է կատարել  Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տեր Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը։ 

Հուշահամալիրի բացման առթիվ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղերձն ընթերցել է  Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը։   

Հերոսների ծնողներին ու ընտանիքների անդամներին իրենց քաջալերանքի խոսքերն են ուղղել  Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տեր Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Ներքին Գետաշենի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը, հերոսների ծնողների անունից՝ Արմենակ Գևորգյանը։ 

 Հուշահամալիրի կենտրոնում բարձրանում է խաչքարը, որի երկու կողմերի  տուֆակերտ պատերին  տեղադրված են Արցախյան գոյամարտերում և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ իրենց կյանքը զոհաբերած ներքինգետաշենցի հերոսների դիմանկարները։ 

Հուշահամալիրի տարածքում տեղադրված է ցայտաղբյուր, ստեղծված է կանաչապատ տարածք։ Այն կառուցված է Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի դիմաց, գյուղի կենտրոնական ճանապարհի հարևանությամբ։ 

Արցախյան գոյամարտերում ու Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության համար Ներքին Գետաշեն գյուղը տվել է 19 զոհ և 1 անհետ կորած։

Խոսրով Խլղաթյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում