Պաշտոնական

Մահացել է մի անձնավորություն, ով կերտել է մի ողջ դարաշրջան. վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Մահացել է մի անձնավորություն, ով կերտել է մի ողջ դարաշրջան. վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ վարչպաետ Նիկոլ Փաշինյանըցավակցական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Խորը ցավով ստացա Շառլ Ազնավուրի մահվան բոթը. կյանքի 94-րդ տարում մեզանից հեռացել է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկը:

Դժվար է հավատալ, որ մահացել է մի անձնավորություն, ով կերտել է մի ողջ դարաշրջան, կերտել է պատմություն, կերտել է սեր, և անմնացորդ ծառայել սեփական ժողովրդին, սեփական ժողովուրդներին, որովհետև Շառլ Ազնավուրն ասում էր՝ ես 100 տոկոսով ֆրանսիացի եմ և 100 տոկոսով հայ: Նա 80 տարի իր բեմական գործունեությամբ հիացրել, ջերմացրել և ոգեշնչել է տասնյակ, հարյուր միլիոնավոր մարդկանց՝ բոլոր մայրցամաքներում:

Սա ցավալի, սգալի օր է մեր ժողովրդի և մեր երկրի պատմության համար: Մահացել է Հայաստանի Ազգային հերոսը: Անուրանալի է Շառլ Ազնավուրի ավանդն Անկախ Հայաստանի կայացման ու հզորացման գործում:

Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի անունից իմ խորին վշտակցությունն եմ հայտնում Ֆրանսիայի ժողովրդին, Շառլ Ազնավուրի հարյուր միլիոնավոր երկրպագումներին՝ աշխարհի տարբեր մասերում: Ցավակցում եմ մեզ բոլորիս՝ ամբողջ հայ ժողովրդին:

Սա իսկապես մեծ համամարդկային կորուստ է, որովհետև Ազնավուրը մարդ է, ով ստեղծել է ոչ միայն ազգային, այլև համամարդկային արժեքներ, որոնք երկար տարիներ մարդկությանը կուղեկցեն դեպի սեր ու համերաշխություն՝ այդ արժեքների հիման վրա մարդկանց մղելով դեպի առաքինություն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում