Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն շրջայց են կատարել Երևանի կոնյակի գործարանում

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն շրջայց են կատարել Երևանի կոնյակի գործարանում
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի, այսօր երեկոյան տրվել է պաշտոնական ընթրիք:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտոնական ընթրիքից հետո Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն շրջայց են կատարել Երևանի կոնյակի գործարանի Արարատ թանգարանում, որտեղ ծանոթացել են հայկական Արարատ կոնյակի պատմությանը և արտադրական գործընթացին: Վարչապետներին նաև ներկայացվել է «Խաղաղության տակառը», որում հնեցվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994 թ. կոնյակի սպիրտ. այն կոչվում է «խաղաղության», քանի որ կբացվի այն ժամանակ, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը:

Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն իրենց ստորագրությունն են թողել գործարանի հուշագրքում և մասնակցել անվանական տակառների հիմնադրման արարողությանը, որոնք հնեցման են դրվել ի պատիվ Հայաստանի և Վրաստանի վարչապետների այցի:

Երեկոյան ավարտվել է Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան։ Մամուկա Բախտաձեին և Վրաստանի պատվիրակությանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ճանապարհել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում