Քաղաքականություն

Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը

5 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը: Առաջիկա 11 օրերի ընթացքում Երևանի ավագանու ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը, հանդես կգան Երևանի խնդիրներին լուծում տալու սեփական տեսլականով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ: Երևանի ավագանու ընտրությունների մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀՅԴ, «Հայք», «Երկիր ծիրանի», «Ռեֆորմիստների», «Ժողովրդավարական ուղի», «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Իմ քայլը», «Երևանցիներ», «Երևանի հանրություն», «Լույս» դաշինքները:

«Ժառանգություն» կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը կազդարարի Շառլ Ազնավուրի անվան հրապարակից: Քարոզարշավի մեկնարկը կուղեկցվի բացօթյա ասուլիսով: «Ժառանգության» համամասնական ցուցակը գլխավորում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Լույս» դաշինքը քարոզարշավի մեկնարկը կտա «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ ներկայացնելով նախընտրական ծրագիրը:Դաշինքի քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է:

«Իմ քայլը»դաշինքը քարոզարշավը կսկսի Էրեբունի վարչական շրջանից: Դաշինքի ավագանու համամասնական ցուցակի ներկայացուցիչներն օրվա ընթացքում բակային հանդիպումներ կունենան, իսկ երեկոյան Էրեբունի վարչական շրջանի հրապարակում օրը կեզրափակեն հանրահավաքով: «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը կտա Նուբարաշեն համայնքում: Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է:

Հայ Յեղափոխական ԴաշնակցությունըԵրևանի 2018 թվականի ավագանու արտահերթ ընտրությունների իր քարոզարշավի մեկնարկը պաշտոնապես կազդարարի սեպտեմբերի 10-ին, ժամը՝ 18:00-ին, Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտից: Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Միքայել Մանուկյանը:

«Երևանի հանրություն»դաշինքը քարոզարշավը կմեկնարկի ասուլիսով: «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքի ծրագրային հիմնադրույթների և մեկնարկող քարոզարշավի մասին» թեմայով հրավիրված ասուլիսին կխոսեն դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Անահիտ Թարխանյանը, Արամ Գրիգորյանը և Արմեն Հովհաննիսյանը:

«Հայք» կուսակցությունը քարոզարշավը սկսելու է Երևանի տարբեր հատվածներում նախընտրական բուկլետներ բաժանելով: Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Գևորգ Հովսեփյանը:

«Ռեֆորմիստների»կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը կտա համակիրների հավաքով, որում ելույթ կունենա կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Արտակ Ավետյանն է:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը դեռևս որոշում չունի, թե ինչպես են տալու քարոզարշավի մեկնարկը: Կուսակցությունը նախատեսում է քարոզարշավն անցկացնել բակային հանդիպումներով: Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանուել Գասպարյանն է:

«Օրինաց երկիր» կուսակցությունը դեռևս չի հայտնել, թե ինչպես են տալու քարոզարշավի մեկնարկը: Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Մհեր Շահգելդյանը:

«Երկիր ծիրանի» կուսակցությունը ևս չի հայտնել, թե ինչպես են տալու քարոզարշավի մեկնարկը: «Երկիր ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Զարուհի Փոստանջյանը:

Քարոզարշավի մեկնարկի միջոցառման մասին որոշում դեռևս չի կայացրել նաև «Երևանցիներ» դաշինքը: Դաշինքի քաղաքապետի թեկնածուն Արարատ Զուրաբյանն է:

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում