Մշակույթ

Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը երկու պրեմիերաներով ելույթ է ունենալու Դուբայում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը երկու պրեմիերաներով ելույթ է ունենալու Դուբայում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը սեպտեմբերին երկու պրեմիերայով (Բիզեի «Կարմեն» և Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերաներ) ելույթ է ունենալու Դուբայի օպերային թատրոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

«Շատ ուրախ եմ, որ շատ տարիների ընդմիջումից հետո վերջապես առաջին անգամ մեծ հյուրախաղերով հյուրընկալվում ենք Դուբայում: Մենք ելույթ ենք ունենալու հիանալի կատարումներով: Ներկայացվող «Կարմեն» օպերան լիովին նոր է, Հայաստանում դեռ չենք ներկայացրել»,-ասաց Օրբելյանն ու հավելեց՝ Երևանում պրեմիերան կկայանա նոյեմբերին:

«Կարմեն»-ի բեմադրող ռեժիսորն է Նաիրե Ստեփանյանը, բեմադրող դիրիժորը՝ ամերիկացի Քրիստոֆեր Օկասեկը: Օկասեկը նշեց՝ հիանալի է աշխատել այս նվագախմբի և երգչախմբի հետ, քանի որ նրանք անհավատալի էներգիայով են կատարում: «Շատ նշանակալի է, որ Դուբայում հիանալի բեմում ենք հանդես գալու: Դա շատ հոյակապ նախաձեռնություն է, որ իրականացրել է մաեստրո Օրբելյանը: Սա բոլորի համար փորձ ձեռք բերելու մեծ հնարավորություն է»,-ասաց Օկասեկն ու հավելեց՝ անհամբեր սպասում է Հայաստանի օպերային թատրոնի անձնակազմի հետ Դուբայում նորից աշխատելուն:

Թատրոնի գլխավոր խմբավար Կարեն Սարգսյանը նշեց՝ շատ ինտենսիվ են աշխատել ողջ տարի, բայց հոգնել դեռ չեն կարող, քանի որ Դուբայում ունենալու են դեռ վեց ներկայացում՝ առավոտից երեկո տևող փորձերով: Կներկայացնեն երկու ներկայացում, մեկ համերգ նվագախմբի հետ: Ողջ սեպտեմբերին շատ զբաղված են լինելու:

Նրանք Դուբայի օպերային թատրոնում հյուրախաղերով հանդես կգան սեպտեմբերի 6-15-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում