Արցախի պետնախարարը  Սուրեն Պապիկյանի հրավերով աշխատանքային այց է կատարել Գորիս

4 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 27-ին ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով աշխատանքային այց է կատարել քաղաք Գորիս։ Այս մասին հայտնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հաղորդագրությունում նշված է, որ պետնախարարի գլխավորած պատվիրակության կազմում էին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, Շուշիի, Ասկերանի և Մարտունու շրջանային վարչակազմերի ղեկավարներ Վլադիմիր Կասյանը, Գեղամ Բեգլարյանը, Մհեր Օհանյանը, Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորներ, պետական նախարարի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ։ Գորիսի մատույցներում արցախյան պատվիրակությանը դիմավորել է քաղաքապետ Առուշ Առուշանյանի ղեկավարած շքախումբը։

«Նախարար Ս. Պապիկյանի հրավերը հուլիսի 11-ին Ստեփանակերտում վերջինիս և պետնախարար Գ. Մարտիրոսյանի պաշտոնական անդրանիկ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության արգասիքն էր։ Պետնախարարն այս առթիվ շնորհակալություն հայտնեց երևանյան գործընկերոջը՝ հրավերի և ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ այսօրինակ հետևողական հանդիպումներն ու միջոցառումները կայուն ու արդյունավետ փոխգործակցության երաշխիք են»,- ասված է տարածված հաղորդագրությունում:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ գորիսյան հանդիպման նպատակն այդ համայնքի օրինակով ՀՀ-ում իրականացվող վարչատարածքային բարեփոխումների շուրջ կուտակված ինստիտուցիոնալ փորձն արցախյան կողմին փոխանցելն էր։ Պետնախարարի գլխավորությամբ ստեփանակերտյան պատվիրակությունը ներկա է գտնվել հրավիրող կողմի կազմակերպած «ՀՀ վարչատարածքային բարեփոխումներ. ձեռքբերումներ և անելիքներ» թեմայով շնորհանդես-քննարկմանը։ ՀՀ ՏԿԶ նախարարության աշխատակիցների կազմած հաշվետվության մեջ հանգամանալից անդրադարձ է կատարվել վարչատարածքային բարեփոխումների, ի մասնավորի՝ համայնքների խոշորացումների ռազմավարությանը, մեխանիզմներին, ուժեղ կողմերին ու արդյունքներին, ինչպես նաև առկա ու հնարավոր ռիսկերին։

Ներկայացման ավարտին Գ. Մարտիրոսյանը հետաքրքրվել է ներդրված էլեկտրոնային ապահովման լուծումների, խոշորացված համայնքների սեփական բյուջեների մեծացման երևույթի և իրականացված մեծամասշտաբ բարեփոխումների ֆինանսավորման և համաֆինանսավորման հարցերի մասին, որոնց բոլորին երևանյան կողմից տրվել են սպառիչ պատասխաններ։

Գորիսի համայնքապետարանում պետնախարարը շրջել է բարեփոխումների արդյունքում բացված քաղաքացիների սպասարկման գրասենյակում (ՔՍԳ), որտեղ «մեկ պատուհանի» սկզբունքով մատուցվում են բարձրորակ քաղաքացիական ծառայություններ։ Ծանոթանալով ՔՍԳ գործառնական մեխանիզմին՝ Գ. Մարտիրոսյանը բարձր է գնահատել միջազգային գործընկերների աջակցությամբ երևանյան կողմի իրականացրած բարեփոխումները։

Միջոցառման ավարտին, պատասխանելով զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին, Գ. Մարտիրոսյանը նշել է, որ երևանյան կողմի փորձը շատ կարևոր է՝ հաշվի առնելով, որ այս պահին Արցախում վարչատարածքային բարեփոխումները հասունացած օրախնդիր են։ Պետնախարարը չի բացառել, որ Արցախում նույնպես տեղ կգտնի առանձին բնակավայրերի միավորման գործընթացը միասնական համայնքներում՝ հավելելով, որ նախքան այդպիսի գործընթացների մեկնարկը հարկավոր են տարբերակված մանրազնին ուսումնասիրություններ և տվյալ բնակավայրերի բնակչության կամքի հաշվառում։

Հայերեն

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ