Գործող Ընտրական օրենսգրքով նախատեսվում է խորհրդարանում 25 տոկոս կանանց մասնակցություն ապահովել. ՀԿ-ները դժգոհ են

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գործող Ընտրական օրենսգրքով նախատեսվում է խորհրդարանում կանանց մասնակցության 25 տոկոս ապահովել, սակայն հասարակական կազմակերպությունները դժգոհ են այդ քանակից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նոր փաթեթի նախապատրաստման աշխատանքների համակարգող Դանիել Իոաննիսյանը հանդիպեց ՀՀ կառավարությունում կանանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ժամանակ քննարկվեց խորհրդարանում կանանց մասնակցության հարցը։

«Ընտրական օրենսգրքով ամրագրված է, որ գործող կարգավորումների համաձայն ամեն 4-րդը պետք է կին լինի։ Միաժամանակ, երբ ընտրվածներից հրաժարական է տալիս կին, և դրանով խախտվում է կանանց քանակի նվազագույն 20 տոկոսի շեմը, ապա նրա փոխարեն անցնում է, ոչ թե ցուցակով հաջորդը, այլ հաջորդ կինը։ Այսպիսով, երաշխավորվում է կանանց 20-տոկոսանոց մասնակցությունը խորհրդարանում»,- նշեց Իոաննիսյանը։

Նրա խոսքով՝ անցումային դրույթներով, որոնք դեռևս չեն մտել ուժի մեջ, նախատեսվում է, որ դրանք պետք է գործեն հաջորդ հերթական ընտրություններում։ Այժմ կառավարությունն առաջարկում է, որ ամեն եռյակում կին լինի, և այդպիսով նվազագույնը 25 տոկոս կլինի։ Այդուհանդերձ, այս նորմերն ամբողջությամբ չեն գործում, քանի որ խմբակցությունների 50 տոկոսն է միայն ընտրվում համամասնական և 50 տոկոսն էլ ռեյտինգային ընտրակարգով։

«Ռեյտինգային ընտրակարգի վրա որևէ քվոտա չի տարածվում, և փաստացի այս տարբերակով կա մոտ 50 պատգամավոր ընտրված։ Նրանցից շատ քչերն են կին, մնացածը տղամարդ են, և ռեյտինգայինի արդյունքում 18 տոկոսն է լինում, և սա չափազանց փոքր ցուցանիշ է»,- ասաց ԸՕ փոփոխությունների նոր փաթեթի նախապատրաստման աշխատանքների համակարգողը և հավելեց, որ հանձնաժողովն արդեն իսկ հրաժարվել է ռեյտինգային ընտրակարգից։

Համամասնական փակ ցուցակի դեպքում մեխանիկորեն սկսում են ամբողջովին գործել քվոտաները: Դանիել Իոաննիսյանն ընդգծեց, որ այդպիսով երաշխավորված է լինելու, որ ցուցակներում ամեն 4-րդը կին լինի, և խորհրդարանում նվազագույնը 20 տոկոսը կին կլինի:

Ընտրական օրենսգրքով նախատեսվածը, որպեսզի խորհրդարանում ամեն 3-րդը կին լինի՝ չբավարարեց կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչներին։ Նրանք առաջարկում են բարձրացնել քվոտան 40/60 հարաբերակցությամբ։

«ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ նախագահ Թամարա Հովնաթանյանն ասաց, որ անգամ 30-70 տոկոս համամասնությունն արդեն անցած փուլ է։

«Մենք առաջ չգիտեինք, որ կլինեն բաց ցուցակներ: Նախկինում ասում էին, թե 30 տոկոս կանանց մասնակցություն չեն կարող ապահովել, բայց տեսանք, որ ցուցակներում կային կուսակցություններ, որ 30 տոկոսից ավելի կին թեկնածու էին ներկայացրել։ ՏԻՄ ընտրությունների ժամանակ, երբ չկային բաց ցուցակներ, երևաց, որ առնվազն 25 տոկոս կանանց մասնակցություն հնարավոր է ապահովել, և քվոտան աշխատեց»,- շեշտեց Հովնաթանյանը:

Եզրափակելով խոսքը՝ Դանիել Իոաննիսյանն ընդգծեց՝ ռեյտինգային ընտրակարգը չարիք է իր բոլոր դրսևորումներով և այն չի լինելու։

Հայերեն

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը