ՀՀ մշակույթի նախարարության և «Ստեղծարար Հայաստան»-ի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մշակույթի նախարարության և «Ստեղծարար Հայաստան» («Creative Armenia») հիմնադրամի միջև ստորագրված համագործակցության մասին հուշագիրը հնարավորություն կտա հայտնաբերել տաղանդավոր արվեստագետների, նպաստել նրանց հմտությունների զարգացմանը և վերջիններիս դուրս բերել միջազգային շուկա:
Հուշագիրը ստորագրեցին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և «Creative Armenia» հիմնադրամի տնօրեն Կարին Հովհաննիսյանը հունիսի 15-ին ՀՀ մշակույթի նախարարությունում:
«Նման համագործակցությունը կնպաստի մշակութային ոլորտի թարմացմանը, նոր գաղափարների ներմուծմանը: Այդ նպատակով կաշխատենք հենց «Ստեղծարար Հայաստան» հիմնադրամի հետ. այն չունի երկար պատմություն, բայց հիմնադրամում ներգրաված են մարդիկ, որոնց աշխատանքային փորձը, պրոֆեսիոնալիզմը, մարդկային որակները թույլ չեն տա ձախողել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Լիլիթ Մակունցը:
Կարին Հովհաննիսյանի խոսքով` իրենք կաշխատեն հետևյալ սկզբունքով` գաղափար, գաղափարից արժեք, արժեքից ռազմավարություն, դրանից հետո ծրագիր: «Այս հուշագիրը փաստում է, որ նախարարության հետ համագործակցելու ենք տարբեր ուղղություններով և նպատակը ստեղծարար արդյունաբերություն ունենալն է: Ցանկանում ենք գտնել տաղանդավոր արվեստագետների, նրանց միջազգային շուկա հասցնել: Ոչ միայն կտրամադրենք ֆինանսական օգնություն, այլև մի ամբողջ գործիքակազմ, որի մեջ ներգրավելու են թե’ բիզնես, թե’ տեխնոլոգիական, թե’ մարքեթինգային գործիքներ»,-շեշտեց Հովհաննիսյանը:
«Creative Armenia»-ն ստեղծվել է մեկ տարի առաջ: Հիմնադրամի անդամ են Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, սփյուռքահայ հայտնի այլ արվեստագետներ, որոնց գործունեության առանցքում հայ մշակույթի վերածնունդն է՝ աշխարհով մեկ հայ տաղանդներին հայտնաբերելու և նրանց նորարարականգաղափարներին օժանդակելու ճանապարհով:
Հիմնադրամը պարզապես գումար չի տալիս արվեստագետին, այլ օգնում է նրան կայացման, «արտադրության», համաշխարհային մշակութային հարթակում ներկայանալու ողջ գործընթացում: